Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Ովքե՞ր են Իրանի նախագահական ուղղաթիռի վթարի պոտենցիալ ու իրական շահառուները արտաքին դերակատարներից
Իրանի նախագահի պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարի իրական պատճառների հետաքննությունը չափազանց կարևոր է։ Անկեղծ ասած՝ որքան էլ այս պահին փաստ չունեմ, բայց ինտուիցիաս բացառում է ուղղաթիռի «հարկադրված կոշտ նստեցման» բացառապես տեխնիկական վարկածը․․․
Չմոռանանք, որ 2020թ․ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո հրապարակայնացվեց Կովսականի /Զանգելանի ու Ջրականի/Ջաբրայիլի հատվածներում ադրբեջանա-իսրայելական պայմանավորվածությունը, որ Արցախի հարավում՝ Իրանի հետ սահմանային գոտում Իսրայելը նախագիծ կիրականացնի իր առաջադեմ տեխնոլոգիաների կիրառությամբ թե հացահատիկամշակության, թե գյուղատնտեսության այլ ճյուղերի, թե նաև «խելացի գյուղերի» կառուցման բնագավառներում։ Նույն այդ խելացի գյուղերը գտնվում են Իրանի սահմանից բառացիորեն մի քանի կիլոմետրի վրա․․․ Նույն շրջանում Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» կապակցությամբ օրումեջ շնորհավորող Իրանի՝ այդ տարածքների վերականգնման գործում ներգրավվելու բացահայտ ցանկությունները Ադրբեջանի բռնապետի կողմից արհամարվեցին․․․ Այդ տարածքներում չէր կարող միաժամանակ լինել և՛ ադրբեջանա-իրանական, և՛ ադրբեջանա-իսրայելական իրար «հետախուզող նախագծեր»․․․ Ադրբեջանը Իսրայելի պարտքի տակ էր, ոչ թե Իրանի․․․
2021-22թթ Հայաստանով «միջանցք բացելու» Բաքվի հայտարարությունների ու ագրեսիոն հարձակումներին զուգընթաց Իրանը դեմոնստրատիվ զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի/Նախիջևանի սահմանի մոտակայքում, հընթացս մեղադրելով Բաքվին իր տարածքը ընդդեմ Իրանի Իսրայելին տրամադրելու, Հայաստան-Իրան սահմանը կտրելու մտադրությունների մեջ, ըստ որում՝ Թեհրանը զորավարժությունների սցենարում ակնհայտ դարձրեց Բաքվի կողմից կարմիր գծերը հատելու դեպքում հենց Ջուլֆայի հատվածում Արաքսն անցնելու մտադրությունները։ Դրան ի պատասխան՝ Ալիևը նույն Իրանի սահմանների մոտ դեմոնստրատիվ ցուցադրեց Իսրայելից ձեռք բերված առաջատար սպառազինություններն ու ԱԹՍ-ները։ Իսկ 2022թ․ մայիսի 17-19-ը Ադրբեջան այցելելեց Իսրայելի գյուղատնտեսության նախարարը, Ալիևի հետ նրա հանդիպմանը նախորդեց Իսրայել-Ադրբեջան բիզնես ֆորումը, որին մասնակցում էին հրեա նախարարին ուղեկցած «բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության» ընկերությունները, ինչպես նաև՝ մայիսի 19-ին Իսրայելի բարձրաստիճան պատվիրակությունն այցելեց հենց Զանգելան ու հարավ՝ Իրանի սահմանի պռնկին սեփական աչքերով տեսնելու և հիանալու «իսրայելական առաջադեմ տեխնոլոգիաներով ու գիտելիքով, որոնք սահմաններ են ճեղքում»․․․ Ձևակերպումը հենց հրեա նախարարինն է․․․․
Հետաքրքիր է, որ 2 տարի անց Իրանի հետ Ադրբեջանի հենց այդ հատվածից ուղղաթիռով ճանապարհված Իրանի նախագահի պատվիրակության ուղղաթիռը վթարի է ենթարկվում նույն օրվանից 2 տարի անց՝ 2024թ․ մայիսի 19-ին․․․ Ըստ որում՝ վթարի վայրը կրկին Ջուղայի մոտակայքն է․․․
Առանց հետաքրքրության դժվար է ասել, թե ի՞նչ է կատարվել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ, որտե՞ղ, ինչպիսի՞ միջամտության արդյունքում ու ո՞ւմ կողմից․․․
Նման վթարի շահառուները շատ են․․․
Իսկ շահառուների առաջին շարքում Իսրայելն է, հատկապես պաղիստինյան ճգնաժամի, այն ուժային եղանակով լուծելու Իսրայելի անկարողության ու Նաթանյահույի համար ստեղծված ներքաղաքական ընդվզման ու ճգնաժամի համատեքստում․․․ Տեխնոլոգիապես ու տեխնիկապես Իսրայելը, կարծում եմ, ուներ այդ հնարավորությունը, քանի որ նրա հատուկ ու հետախուզական ծառայությունները անկասկած այդ վայրերում արդեն քանի տարի է բուռն գործունեություն են ծավալում․․․
Շահառուների մեջ բացառում եմ ԱՄՆ և Արևմուտքին, որոնք տեսականորեն կարող էին կողմ լինել, բայց գործնականում ոչ, քանի որ քանիցս չափազանց տեսանելի հասկացրել են, որ արգելում են Իրանին մեծ պատերազմում ներքաշելու իսրայելա-ադրբեջանական պլանները․․․ Ալմա Աթիի պայմանագիրը Ալիևին պարտադրել տալը միայն ու միայն Հայաստանի նկատմամբ ռազմական հարձակումը կանխելու կամ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի ագրեսիան չճանաչելու խնդիր չէ միայն, որ լուծում է։ Ադրբեջանի համար 86,600 քառակուսի կիլոմետր տարածք սահմանելը նշանակում է նաև Իրանի հյուսիսային Ադրբեջանի նկատմամբ նրա հավակնությունների կանխում․․․ Բաքուն դա շատ լավ է կարդացել ու հարցը միայն Հայաստանով միջանցք ստանալն արգելելու մասին չէ․․․
Իհարկե, Ռայիսին ու Ալիևը հանդիպման ժամանակ բավական բազմանշանակ հայտարարություններով էին փոխանակվել, որտեղ ընդհանուր թիրախը ԱՄՆ էր, բայց Թեհրանի ակնարկներում Վաշինգթոնից բացի նաև կար նաև Իսրայելը․․․ Սակայն, ինչպես փաստարկվեց, առնվազն ԱՄՆ է Բաքվին ու Թել-Ավիվին ետ պահում Իրանի համար երկրորդ ճակատ բացելուց ու Թեհրանը դա գիտի․․․
Այս զարգացումներում ոչ պակաս շահառու կարող էին լինել նաև Ռուսաստանը և Թուրքիան։ Տեսանելիորեն պայքարը Ադրբեջանի համար մերձտարածաշրջնային եռյակի միջև սաստկացել է, ու Իրանը սկսում էր ոչ միայն Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացումը՝ ի դեմս Արաքսի վրա կառուցված նոր ջրամբարի մեկնարկեքի, այլ նաև Իրանի տարածքով «Զանգեզուրյան միջանցքի» պայմանավորվածության։ Ուշագրավ է, որ կիրակի օրն էլ Ռայիսին պետք է լիներ Հայաստանի Սյունիքում՝ ՀՀ վարչապետի հետ’ տալու Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների շինարարության մեկնարկը, որի տարբեր սեգմենտների վրա աշխատում են ֆրանսիական ու իրանական ընկերություններ․․․ Այդպիսով, Իրանը տարածաշրջանում թուլացող Ռուսաստանին ու պրոբլեմատիկ Թուրքիային փոխարինելու թիվ մեկ հավակնորդն էր ու շանսերն ունի, որի տարածքով երկու՝ Ադրբեջանի ու Հայաստանի ուղղություններով էլ զարգացվում են ռուսական Հյուսիս-Հարավի ու արևմտյան Հյուսիս-Հարավի նախագծերը․․․
Ռուսաստանի Հյուսիս-Հարավը Ադրբեջան-Իրանով տակավին անորոշություններ մեջ է։ Իրանը ոչ միայն չի շտապում կառուցել Ռաշտ-Աստարա երկաթուղային հատվածը, այլ Ադրբեջանին խլում է Ռուսաստանի ձեռքից, քանի որ «Զանգեզուրյան» միջանցքը կարող է անցնել Իրանի տարածքով, որտեղ Ռուսաստանը չկա, իսկ Հայաստանը 4 տարի շարունակ հրաժարվեց իր տարածքում այդպիսի միջանցք ռուսապատկան էքստարատարածքային կարգավիճակով տրամադրելը, ավելին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծից հեռացնում է ռուսական 17 հենակետերը․․․
Թերևս արժե չմոռանալ, որ «Զանգեզուրյան միջանցքին» կողմ արտահայտվող Թուրքիային ու Ռուսաստանին դիմադրողը եղել ու մնում է ոչ միան Հայաստանը՝ վերջինիս աջակցող ԵՄ-ԱՄՆ տանդեմով, այլ նաև Իրանը, որը տապալեց «Զանգեզուրյան միջանցքի» ռուս-թուրքական վերսիան ու հրապարակ հանեց նույն միջանցքի իրանական վերսիան․․․ Իսկ սա խախտում է Մոսկվա-Անկարա պայմանավորվածությունները, հետևաբար Իսրայելից զատ Մոսկվան ու Անկարան էլ կարող էին իրենց հերթին լինել Ռայիսիի ու նրա պատվիրակության ավիավթարի շահառուները․․․
Արժե հիշել, որ դեռևս այս ապրիլի 22-ին, երբ Արցախից ռուս «խաղաղապահներին հանող» Ալիևը գրկաբաց դիմավորվեց ու հյուրընկալվեց Պուտինի կողմից, վերջինս դիֆերամբներ ձոնեց Իլհամի հոր՝ Հեյդար Ալիևի հասցեին՝ ժամանակին աշխարհատնտեսական մեծ նախագիծ՝ ԲԱՄ-ը գլուխ բերելու համար ու հորդորեց կրտսեր Ալիևին հետևել հոր օրինակին։ Ալիևի պատի թերթերը չթաքցրեցին, թե շուտով Պուտինն ու Ալիևը աշխարհին կզարմացնեն նոր մեգապրոյեկտներով, որը կլինի ԲԱՄ-ի մասշտաբի ենթակառուցվածք ու ավելի ամուր կկապի նրանց․․․
Վերջերս Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է տնտեսական դաշտում ավելի շատ աշխատի Ադրբեջանի հետ՝ նրա միջոցով այլ տարածքաշրջաններ դուրս գալու համար։ Այսինքն՝ Մոսկվան բացահայտ դոմինանտ դեր վերագրեց Ադրբեջանին տնտեսական դաշտում։ Դրան հաջորդեց Բելառուսի բռնապետի այցը օկուպացված Արցախ ու Շուշի, որտեղ նա Ադրբեջանին վերապահեց Կովկասում անվտանգային դաշտում թելադրողի ու առաջին ջութակի դերը․․․ Այլևս անհերքելի է, որ Լուկաշենկոն բավական հաճախ ասում կամ անում է այն, ինչ չի ասում Պուտինը իր շուրթերով կամ խուսածում է անել անձամբ․․․ Այսինքն, ռուս-բելառուսական միութենական պետությունը խորամանկորեն Ադրբեջանի վրա խաղադրույք է անում որպես Կովկասում մեծ աշխահատնտեսական ու աշխարհաքաղաքական խաղում դաշնակից ու այդ դերի վերագրման ինոգուրացիան արդեն իսկ արվել է՝ երբ Պուտինը Լուկաշենկոյով միջնորդավորված այցելում ու նաև ճանաչում է Արցախի օկուպացիան՝ այնտեղ ուղարկելով իր բանագնացին․․․
Թե ինչ տեսք է ունենալու մասամբ Իրանի հետ համադրվող, մասամբ էլ հակադրվող այս մեծ մեգանախագիծը, դեռ դժվար է ասել։ Փաստն այն է, որ հետաձգվեց Սյունիքում մեծ մեգանախագծի հիմնարկեքը, որին պետք է մասնակցեին Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը․․․ Իսկ ինչպես հայտնի է՝ Հայաստանի Խաղաղության խաչմերուկը պաշտոնապես ողջունել էին ԵՄ, ԱՄՆ, Իրանը, իսկ Ռուսաստանը՝ դեմ է արտահայտվել․․․
Պրոցեսները շատ մեծ են ու բարդ։ Սպասենք Իրանի հետաքննության արդյունքներին․․․
Այս ամենից զատ առկա են նաև ներքին շահառուներ, որի մասին ավելի լավ կխոսեն իրանագետները….
Ստյոպա Սաֆարյան
ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն