Լարված իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատավարության մեկնարկին իրենց բողոքի ակցիայի ժամանակ ջրի շշով հարվածել եւ վնասել են քաղակտիվիստ Վարդգես Գասպարիի այտոսկրը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գասպարին էլ դատարանի դիմաց արել է իր հակաքոչարյանական ակցիան եւ կոշտ քննադատություն հնչեցրել երկրորդ նախագահի եւ նրա աջակիցների հասցեին: Նրան պատասխանել են հարվածով ու նաեւ բռնություն ու հայհոյանք պարունակող արտահայտություններով:

Գասպարին եւ Քոչարյանի աջակիցներն ունեն երկրորդ նախագահի իշխանական գործունեության, մարդկային որակների, քաղաքական կենսագրության վերաբերյալ իրենց պատկերացումները, ինչպես հանրության թերեւս յուրաքանչյուր ներկայացուցիչ:

Ընդ որում, տվյալ պարագայում կարեւոր էլ չէ, թե ինչպիսին է կարծիքների հարաբերակցությունը՝ հօգուտ Քոչարյանի, թե ոչ: Եվ գուցե կարեւոր էլ չէ, որ կարծիքների մի մասը կարող է լինել վճարովի: Վերջին հաշվով, հասարակական-քաղաքական իրողությունների հանդեպ կարծիքների հայաստանյան միջակայքում վճարովիության սկզբունքը գործել է գրեթե միշտ եւ նույնիսկ եղել գերակա, թերեւս մինչեւ թավշյա հեղափոխություն:

Խնդիրն այստեղ այլ է: Թեեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու պաշտպանները նշում են, որ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման կամ անձնական վրեժխնդրության, որ նրա կալանքը անօրինական է, այդուհանդերձ թերեւս աներկբա է, որ դատական գործընթացը Ռոբերտ Քոչարյանի համար այդ ամենը «մերկացնելու» լավագույն հնարավորությունն է, առնվազն հանրային գիտակցության կամ ենթագիտակցության հարցում: Առավել եւս, որ դատավարության ընթացքում, ինչպես նշել էլ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, տարբեր դատավարական կարգավիճակներով ներգրավվելու են նախկին երեք նախագահները, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այլ կերպ ասած՝ նախկին գրեթե ամբողջ համակարգը:

Աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ