«Լույսի խնդրի պատճառով քիթս երկար էր երևում․․․». Հայկուհի Մաթևոսյան

19–ամյա Հայկուհին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի է, ասում է` իր գերնպատակն ապագայում լավ իրավաբան դառնալն է։ «Ինչ վերաբերում է մոդելային կարիերային, Հայաստանում մոդելինգն այն կետում չէ, որ ես ձգտեմ հասնել բարձունքների։ Կան ինչ–որ բաներ, որոնք պետք է անեմ, որովհետև կրում եմ «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսը։ Կփորձեմ ամեն ինչ պրոֆեսիոնալ անել,– ասաց Հայկուհին ու հավելեց, որ, որպես մոդել, ունի իր սահմանափակումները,– Ես ունեմ տաբուներ, որոնք չեմ անցնի։ Ինձ չեք տեսնի կիսամերկ ֆոտոշարքերում»։

Հայկուհու խոսքով` այդ սահմանափակումներն ինքն է դրել իր առջև. «Այնպիսի մարդ եմ, որ չեմ թողնի ընտանիքիս անդամները զգուշացնեն այդ մասին։ Ես գիտեմ իմ լավն ու վատը և չեմ օգտվի այն ազատությունից, որն ինձ տրված է։

Ամեն ինչ պետք է անեմ էսթետիկ և աչքին հաճելի։ Չպետք է մոռանալ, որ մենք ապրում ենք Հայաստանում և ամեն ինչ պետք է արվի չափի մեջ։ Ի վերջո, մենք հայ ենք, մոդելինգն էլ Հայաստանում այնքան զարգացած չէ, որ մեզ նման բաներ թույլ տանք»։

«Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսի համար պայքարած Հայկուհին վստահեցնում է արտաքին տեսքն իրեն, երբեմն, խանգարում է։ «Չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում։ Դա ինձ դուր չի գալիս։ Մի հայացքն էլ ինձ հաճելի չէ, անգամ, լավ հայացքը։ Կարծես, արդեն հոգնած լինեմ այդ ամենից։ Դա դպրոցական տարիներից է գալիս։ Ես բարձրահասակ եմ, արտահայտված դիմագծեր ունեմ և միշտ ուշադրության կենտրում եմ եղել,– ասաց նա, միաժամանակ, շեշտեց, որ գեղեցկությունն իր համար միայն արտաքին տվյալներ չէ,– Ինձ համար գեղեցկությունն առաջին հերթին հոգունն է։ Գուցե, աղջիկը լինի շատ գեղեցիկ, բայց շփվելիս հասկանաս, որ արտաքինը զուր էր»։

Մրցույթից հետո բուռն քննարկվում են Հայկուհու արտաքին տվյալները։ Իր իսկ խոսքով` դպրոցական տարիներից արտաքնապես աչքի ընկած աղջկա հասակը 1.77 սմ է, քաշը` 57-58 կգ։ Ասում է` այս օրերին այնքան սթրես է տարել, որ ավելի է նիհարել։ Գեղեցկուհու տիտղոսակիրն ասաց, որ կազմվածքը պահելու համար հատուկ միջոցների չի դիմում. «Կազմվածքիս հատուկ չեմ հետևել։ Իմ կազմվածքը միշտ այսպիսին է եղել»։

«Քիթը մեծ է», «շրթունքները լցրած են», «լինզաներով է» «արհեստական գեղեցկություն ունի». Հայկուհին կարդում է մեկնաբանություններն ու սրտնեղում։ Հարցազրույցի ժամանակ անդրադարձավ բոլոր քննարկումներին։

«Մրցույթի ժամանակ սխալ տեղ էի կանգնել, լույսի խնդրի պատճառով քիթս երկար էր երևում։ Մի նկար էլ կար, քիթս ֆոտոշոփով երկարացրած գցել էին համացանց ու գրում էին` ինչ մեծ քիթ է։ Այնքան էժան մեկնաբանություններ եմ կարդում,– ասաց նա, ապա անդրադարձավ շուրթերին,– Իմ շուրթերը բնական են։ Եթե որևէ միջամտություն արված լիներ, կասեի, որովհետև դրանում վատ բան չեմ տեսնում։ Այնքան գրեցին` շուրթերը մեծացրած է, ջղայնացած ասացի`եթե որևէ հաղորդման հրավիրեն, եղբորս հետ եմ գնալու, իր շուրթերն էլ են ևս շատ մեծ։ Այդպես կապացուցեմ, որ իմ շուրթերին միջամտություն չկա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ