«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ նկատելով, որ, երբ ցույցերը մարեցին, արժե 2 հարց քննարկել:
«1. Քաղաքական գործունեության և լրատվամիջոցների ֆինանսավորման թափանցիկությունը։ Այս ոլորտում կան որոշակի կարգավորումներ, բայց դրանք շատ թերի են ու շրջանցման հազար ու մի ձև ունեն։
Օրինակ՝ ինձ հետաքրքիր է, թե ո՞վ էր վճարել Հանրապետության հրապարակի ահռելի բեմահարթակի համար։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը դրամահավաք էր արել, դրա մասով մանրամասն հաշվետվություն էր հրապարակվել։
Նաև հարց է առաջանում, թե արդյոք ֆինանսավորման թափանցիկության կանոնները չհարգող ԶԼՄ-ների ներկայացուցիչները պե՞տք է օգտվեն լրագրողների պաշտպանության բոլոր մեխանիզմներից։
2. Երկրորդը՝ դա Հայ առաքելական Սուրբ եկեղեցու տնտեսա-ֆինանսական գործունեության թափանցիկությունն է։ Արդյոք պետությունը՝ մաքսային և հարկային մարմինները, հետևո՞ւմ են, որ եկեղեցու բարեգործական գործունեության անվան տակ (կամ դրան զուգահեռ) չկա որոշ անձանց քողարկված բիզնես գործունեություն։
Առհասարակ որքանո՞վ է հիմնավոր եկեղեցու ու քահանաների կողմից հարկեր չվճարելը։ Արդյոք իրենցից ոմանք պե՞տք է «Բենթլի» կամ LX570 վարելով հանդերձ՝ զերծ մնան պետության (բոլորիս) կարիքների համար հավաքագրվող հարկերի վճարումից»,- գրել է նա: