Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Միգրացիայի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի տնօրեն Մարիոն Գրեգուարիին:

Այս մասին հայտնել են նախարարությունից։

Կարևորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների շարունակականությունը՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ նախատեսվող համատեղ ստորագրման հուշագրի մանրամասները, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ընթացքն ու արդյունքները:

«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ բարեկամական հարաբերությունները և մենք միշտ պատրաստ ենք քննարկել մեր երկու երկրների կառավարությունների միջև ոլորտային հարաբերությունների առավել ամրապնդման հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական պաշտպանության և աշխատանքի ոլորտներում։ Մենք արդեն իսկ ունենք բազմոլորտ համագործակցության և երկխոսությունների հաջողված փորձ, ուստի ուրախ կլինենք կնքվող հուշագրի շրջանակում առավել հստակեցնել նաև մեր անելիքները՝ խթանելով Հայաստան վերադարձող միգրանտների վերաինտեգրումը, զբաղվածության և վերապատրաստումների ապահովումը»,- նշել է նախարար Մկրտչյանը:

Դեսպան Դըկոտինյին ևս կարևորել է փաստաթղթի ստորագրումը և հայտնել իր պատրաստակամությունը ներդնելու ջանքեր՝ արդյունավետ համագործակցության շարունակականությունն ապահովելու համար:

«Մենք պատկերացնում ենք այն մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է Ձեր ղեկավարած նախարարությունը և գնահատում ու տպավորիչ ենք համարում այն հսկայական ջանքերը, որ ներդրվել են ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից տեղահանված անձանց ընդունելու, տեղավորելու և աջակցելու համար։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ շարունակելու օգնել ոչ միայն այս հարցում, այլև հուշագրով նախատեսվող քայլերի իրականացման գործում»,- ընդգծել է Օլիվիե Դըկոտինյին:

Հանդիպման շրջանակում գործընկերները քննարկել են փաստաթղթի ստորագրմանն առնչվող այլ մանրամասներ և պայմանավորվածություն ձեռք բերել դրանց իրականացումը կարճ ժամկետներում տեղափոխել գործնական փուլ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ