Սա պայքար է հանուն ազատության գերեզմանափորների. Միավորված տարրերը «Հոկտեմբերի 27»-ի շահառուներ են

«Եթե այս ամենը պատկերացնենք ժողովրդավարական գործընթացի շրջանակներում, ապա սա մի ռետրոգրադ շարժում է, որը հանրային հենարան չունի և հենց դեմոկրատական մեխանիզմներով գնալու է մարման։ Սակայն այստեղ միավորված են տարրեր, որոնք ունեն շատ հստակ հետագիծ, հետագիծ՝ կապված բռնության հետ, կապված տեռորի հետ, կապված նրա հետ, որ առնվազն Հոկտեմբերի 27-ի քաղաքական շահառուներ են։ Եվ այստեղ, այո, պետությունը պետք է շատ ուշադիր լինի»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի ձևավորած շարժման մասին՝ ասաց քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

Նա նշեց, որ մի հարց է առաջանում, թե ոնց են, այսպես կոչված, քաղաքական և, այսպես կոչված, ուժերը մնացել քաղաքականության մեջ՝ հեղափոխությունից վեց տարի անց։

Քաղաքագետի խոսքով՝ այս խմբերն ուղղակի օրենքով պետք է դրվեին քաղաքականությունից դուրս և նման ակտիվություն ցուցաբերելու իրավունք ընդհանրապես չունենային, որովհետև այս ամենի հետևում հստակ ռուսական շահեր են։

Վերջինս նշեց, որ ինչ բառեր ասես լսեցինք, բայց չլսեցինք ո՛չ անկախություն բառը, ո՛չ ազատություն բառը, ո՛չ ժողովրդավարություն բառը, ո՛չ ինքնիշխանություն բառը, ո՛չ պետություն բառը։

«Սա այն չէ, ինչը, թեկուզ արտաքնապես, փորձում են նմանեցնել 2018 թվականին, սա նրա հակառակն է. սա ոչ թե պայքար է հանուն ազատության, սա պայքար է հանուն այդ ազատության գերեզմանափորների, որոնք այսօր հավաքվում են ինչ-որ մի տեղ և քողարկված ասում են, թե ինչ պետք է ասի այդ արքեպիսկոպոսը՝ սպիտակ շորերով»,- հավելեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ