Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

«Մեր գործը մինչև հիմա չի եղել քաղաքական գործընթաց։ Հիմա, մեր կարծիքով, քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում, արդեն ծրագրվի»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Երևան հասած շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը:

Նա նշել է, որ երեկ խորհրդարանական պատգամավորների հետ է հանդիպել, խոսել, թե ինչ ձևով է առաջ ընթանալու գործընթացը:

«Նրանք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու և օրինակ ճանապարհով հասցնել ավարտին։ Այդ ժամանակ պահանջվելու է նաև վարչապետի թեկնածու և այդ ժամանակ էլ երևի կհնչի անուն»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Հարցին, թե անուններ քննարկվու՞մ են, Բագրատ Սրբազանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ տարբեր անուններ են քննարկվում, լրագրողների սիրած ու չսիրած անուններ, բայց ի վերջո, համաձայնություն կլինի, թե ով է լինելու թեկնածուն, ում անձի շուրջ կհավաքվեն: Դա, ըստ հոգևորականի, լինելու է արդեն գործընթացի երկրորդ փուլը:

«Հիմա մենք ժողովրդին արթնացնելու փուլում ենք»,-նշեց Բագրատ Գալստանյանը:

Նա նաև հավելեց, որ քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել խորհրդարանական 2 խմբակցությունների հետ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը դրան չի մասնակցել:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե, այնուամենայնիվ, ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցիչ է լիննելու իրենց առաջարկած վարչապետի թեկնածուն, ո՞վ է լինելու և արդյո՞ք ճիշտ է Ռոբերտ Քոչարյանի՝ այդ թեկնածուն լինելու մասին լուրերը:

Բագրատ Գալստանյանն ի պատասխան նշեց, որ հնարավոր է՝ ոչ մի քաղաքական ուժից էլ չլինի իրենց ներկայացրած թեկնածուն:

«Բացառու՞մ եք Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը»,-հարց ուղղեցին լրագրողները:

«Բացառում եմ, չէ, նման հարց չկա հրապարակում: Մարդիկ ստեղծեցին այդ միֆը: Ես Ռոբերտ Քոչարյանին հանդիպել եմ միայն 1 անգամ՝ 2001 թվականին, Սևանի թերակղզում, երբ այցելել էինք դպրանյան դպրոց, ընդամենը 5 րոպեով» Նման բան ասողները ստախոս են:

Ես ոչ երկրորդ նախագահի հետ խոսել եմ, ոչ քննարկել եմ, ոչ էլ նրա շրջանակի հետ եմ քննարկել»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի թեկնածության հնարավոր ընտրության մասին: Բագրատ Սրբազանը չհերքեց այդ տեղեկատվությունը և նշեց. «հնարավոր է, ամեն բան էլ հնարավոր է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ