Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի բնութագրմամբ՝ Բագրատ սրբազանը, խախտելով սահմանադրական կարգը, կաթողիկոսի ղեկավարությամբ Մոսկվայի պատվերն է կատարում:

«Խոսում են հայրենիքից ու հայրենասիրությունից. ճամարտակություն՝ «էդ մեր հողերն են»: է՜, մեր հողերը՝ հայկական լեռնաշխարհը 350 հազար քառակուսի կիլոմետր է, մենք 29 էլ չունենք դրանից, այստեղ մանիպուլյացիոն խաղ է գնում, պատերազմ են հրահրում, որի նպատակը պետականության լիկվիդացիան է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Շիրինյանը կարծում է, որ այս շարժումը հաջողության չի հասնելու, այնպես, ինչպես նախկինում ընդդիմության տարբեր դեմքերի նախաձեռնած ակցիաները:

«Ոնց որ եղավ Վազգեն Մանուկյանի դեպքում՝ ալիք բարձրացրեց, հետո չորացան, չորացան, ձմռանը ցեխերի մեջ գոլորշիացան: Հաջորդը՝ ղասաբ դիվանագետի բերեցին (-խմբ Էդգար Ղազարյանին նկատի ունի), նա էլ տապալեց, հիմա սա երրորդն է: Ժողովուրդը հասկանում է, որ մենք կյանքի ու մահվան կռիվ ենք տալիս մեր պետականության համար, հետևապես՝ մեր գոյության համար: Երկրորդը՝ ՌԴ-ն մեռնում է, սրանք էլ դիակասեր են, ՌԴ-ին գրկել, ուզում են հետները մեռնել»,- տեսակետ է հայտնում զրուցակիցը:

Ըստ Շիրինյանի՝ այս ուժերը վրիժառու են, ուզում են պատժել հայ ժողովրդին՝ իրենց հեղափոխությունով հեռացնելու համար: Քաղաքագետը հավատացած է, որ այս ամենը նաև շահառուներ ունի:

«Մոսկվայի ծրագրով 3 ուժ Հայաստանի դեմ են գործում՝ Մոսկվան, Բաքվի եզը և ղարաբաղյան կլանը, որը կազմում է 5-րդ շարասյան առանցքը: Ռուսական մատրյոշկայի նման բացում ես՝ մեջից նորն է հելնում. Իվանին հանում ես՝ Կոլյան է գալիս, Կոլյային հանում ես՝ Սաշան է գալիս: Հերթական անգամ հինը շպրտեցին, նորին հանեցին, Վազգենին շպրտեցին, հետո՝ էն դիվանագետին, հիմա էլ՝ էս եկեղեցականին: Սա նշանակում է, որ հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է հայաստանացվի, այն ռուսական ազդեցության գործակալական ցանց է՝ շեֆի գլխավորությամբ: Պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո կաթողիկոսին անձամբ ՌԴ նախագահ Պուտինը պարգևատրեց, ես դրան Լենինի շքանշան եմ ասում: Այսօր արդեն պարզ է, որ շքանշանը տվեցին իբրև շնորհակալություն՝ Լաչինին չմիջամտելու համար, երբ ժողովուրդը սովահարվում էր, հոգևորականները պապանձվել էին, արջի նման իրենց որջերում ճարպ էին հավաքում: Նաև ապագայի կանխատեսումով են պարգևատրել, որ նոր թափով պայքարեն Հայաստանի պետականության դեմ»,- ասում է նա:

Քաղաքագետը հիշեցնում է՝ Սահմանադրությունը դեռևս Սերժ Սարգսյանի օրոք է ընդունվել, որում հստակ է, որ եկեղեցին քաղաքականության հետ ոչ մի ընդհանուր կապ չունի. «Իրենք են գրել, բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ: Ովքեր ազնիվ հայ հոգևորականներ են, հոգևորական են, մնացածը կղեր են ու շպիոն»:

Լևոն Շիրինյանի խոսքով՝ Հայաստանը չի կարող սահմանազատման չգնալ, այլապես կմնա Ադրբեջանի ու Ռուսաստանի կրունկի տակ:

«ՌԴ-ն չի հրաժարվել Հայաստանի պետականության վերացման ծրագրից, հիմա Բագրատ մսագործն է անում է այդ գործը. պատերազմ է հրահրում, ծառայություն է մատուցում Մոսկվային, էլ ինչ է սա: Սա օգտակար գործընթաց է, որի հեռանկարում մի հնարավորություն էլ ունենք: Ըստ էության՝ քանի որ Հայաստանում ԵՄ դիտորդների թիվը շատանում է, նրանք տեղակայվում են սահմանի երկայնքով, այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան սահմանը ինչ-որ իմաստով վերածվում է ԵՄ-Ադրբեջան սահմանի, ու վաղ թե ուշ Ադրբեջանի զորքը հետ է քաշվելու մեր տարածքներից, չեմ բացառում նաև հեղաշրջումը Ադրբեջանում. Ալիևին պատժելու են ՌԴ կամքը կատարելու համար: Միաժամանակ ՌԴ-ն Ադրբեջանին իր կողքը պահելու համար կերակրում է նրան հայ հոգևորականների ձեռքով՝ էս խժդժություններով, նրա բանակն այն վիճակում է, որ ամեն օր էլ կարող է գնալ պատերազմի, եթե ամերիկյան ճնշումը չլինի, հաստատ կանի»,- ասում է քաղաքագետը:

Վերջինս ընդգծում է՝ Բագրատ սրբազանը Մոսկվայի դրդմամբ սպասարկում է Բաքվի շահերը, նույնը, ինչ 1920 թվականին անում էին հայ բոլշևիկները. «Եկեղեցու սրբազան հայրերը պիտի իրենց մեջ ուժ գտնեն և հայաստանյաց առաքելական եկեղեցուց հեռացնեն բոլոր նրանց, ովքեր քաղաքական ակտիվություն ունեն: Եկեղեցին պիտի այս սրբազանի հարցերը լուծի, սա փորձանք է ու աղետ: Նա Հայաստանի հետ չի եղել, այլապես պիտի հավաքեր իր հոգևոր դասը և աղմուկ-աղաղակով գրոհեր Լաչինը՝ ռուսների դեմ, երբ մարդիկ սովահար էին լինում: Վստահեցնում եմ, որ սրանք Պուտինի հանձնարարությունը չեն կարողանալու կատարել և գնալու են Բաքու, Բակոյին ու թաթար Ռուբոյին էլ պերեդաչի կարող են տանել և հումանիզմից խոսել»,- եզրափակում է Շիրինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ