«Չափազանց մեծ է Հայ Առաքելական եկեղեցու դերը՝ որպես հայ ինքնության կրիչներից և բաղադրիչներից մեկի, որպես համազգային կառույցներից մեկի, որն ունի ազգային և պետական կյանքում իր տեղն ու դերն ունենալու պարտավորություն և պատասխանատվություն, միաժամանակ՝ այդ տեղն ու դերը վերարժևորելու, վերագնահատելու, նոր մարտահրավերներին ու իրողություններին համարժեք դարձնելու կենսական խնդիր»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ սրանից է կախված և՛ որպես կառույց՝ Հայ Առաքելական Եկեղեցու ապագան, և՛ հայության ապագան՝ որպես համաշխարհային քարտեզի վրա պետական կարգավիճակ ունեցող սուբյեկտի:
«Հենց այս պատճառով այսօր ուղղակի ակնհայտ անհրաժեշտություն է եկեղեցու ներքին բարեփոխումների խնդիրը, որը հնարավորություն կտա Հայ Առաքելական եկեղեցուն առավել դինամիկ աշխարհում լինել առավել ճկուն, կարիք չունենալ լինելու իշխանությունների կամ օլիգարխիկ դասի կցորդը, հանդես գալու որպես ինքնուրույն մի կառույց, որի երկխոսության թիվ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին է, որը պետք է այդ քաղաքացու հետ պայմանավորվի երկխոսության և համատեղ քայլքի նոր առաջնահերթությունների, նոր ուղենիշների ու խնդիրների շուրջ, առկա իրողություններին նորովի հայացք գցելու սահմանների շուրջ»,-նշել է քաղաքական գործիչը: