Անհապաղ մեկուսացնել հավաքի` զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հորդորել է իրավապահ մարմիններին անհապաղ մեկուսացնել այսօր Հանարապետության հրապարակում սպասվող հավաքի զենքով մասնակիցներին։

«Հավաքին մասնակցությունը որևէ զենքով խստիվ արգելված է։ Իրավապահները պետք է անհապաղ մեկուսացնեն հավաքի՝ զենքով մասնակիցներին (եթե այդպիսիք լինեն)։

Ոստիկանությունը և այլ իրավապահները պետք է ապահովեն ցույցի խաղաղ ընթացքը և չեզոքացնեն դրա՝ ոչ խաղաղ պահվածքով բոլոր մասնակիցներին։

Հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ բռնությունն անթույլատրելի է, իսկ ագրեսիվ (ոչ խաղաղ) մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը պետք է ուժ կիրառի»,- նշել է նա։

Վերջինս նկատել է, որ խաղաղ հավաքների իրավունքը Սահմանադրությամբ և կոնվենցիայով պաշտպանվող իրավունք է, բայց այդ պաշտպանությունը ավարտվում է այն պահին, երբ ցուցարարը դադարում է լինել խաղաղ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով «Tik Tok» սոցիալական ցանցում առկա հրապարակմանը, որտեղ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրության մեջ երկու անձինք զրուցում են և ասում՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք»։

Կառույցից հայտնել են, որ նշված հանցանքը կատարելու անմիջական ծագած կասկածի հիմքով երկու անձ ձերբակալվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ