Եվ դո՞ւ, Վիտո․Ադրբեջանցիների հետ գործարքները հորով-մորով արած Վիտալի Բալասանյանը միացել է «Գալստանյան շարժմանը»․ Ի՞նչ «զադանիա» է նա կատարելու

Ինչպես եւ կանխատեսվում էր՝ ՀՀ-ում հաստատված Լեռնային Ղարաբաղի իշխանական էլիտայի նախկին կարկառուն ներկայացուցչներից շատերն իրենց աջակցությունը պիտի հայտնեին իշխանափոխության հերթական, այս անգամ լավ մշակած, եկեղեցական շղարշով քողարկված օպերացիային։ Փաստորեն, ԼՂՀ-ն լուծարել-պրծնելուց հետո այս մարդիկ այժմ էլ որոշել են ընկնել ՀՀ-ի «ջանին» ու աջակցել, որ նույն բախտին արժանանա նաեւ «Մայր Հայաստանը»։ Վառ օրինակը ԼՂՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի «գրասենյակի» միանալն է տավուշյան ակցիային, մի սուբյեկտի, որը իր «պրոֆնեգոդնի» լինելը ապացուցեց պատերազմից հետո՝ ստանձնելով ԱԽ քարտուղարի պաշտոնը։ Բալասանյանի հովանու ներքո գործող ԼՂՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչները նույնպես՝ մասնվորապես Մետաքսյա Հակոբյան, Դավիթ Գալստյան, եւս, անթաքույց աջակցում են հակաիշխանական այս միջոցառմանը։ Բալասանյանը, հիշեցնենք, ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ԱԽՔ նշանակվեց 44-օրյա պատերազմի ավարտից հետո, պաշտոնակ արվեց 2023 թ․ հունվարին, երբ արդեն մեկուկես ամիս փակ էր Լաչինի միջանցքը։ Նրա պաշտոնակությունը այդ օրերին ԼՂՀ-ում բացատրում էին իշխանությունների, մասնավորապես պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ ունեցած հակասություններով։

Այդ նա էր բանակցում ադրբեջանցիների հետ միջանցքի բացման շուրջ, սակայն, ապարդյուն։ Այդ նա էր, որ բանակցում էր ադրբեջանցիների հետ նաեւ Փառուխի «օպերացիայի» ժամանակ։ Այդ օպերացիայի հետեւանքով, հիշեցնենք, ադրբեջանական զինուժը գրավեց հիշյալ գյուղն ու Քարագլուխի բարձունքը։ Հատկանշական է, որ այդ օրերին «Ադեկվատ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը, որը նախկին իշխանության քարոզչական խոհանոցին քաջատեղյակ է, ֆեյսբուքյան ուշագրավ գրառում էր արել եւ մասնավորապես նշել՝ «Քարագլուխը հանձնվել է գրավոր հրամանի հիման վրա, և որ այդ հրամանը ստորագրել է մի շատ ականավոր գործիչ»: Ապա մանրամասնել էր՝ ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Վիտալի Բալասանյանի դաշինքի անդամներից մեկն ասել է, որ հենց Բալասանյանն է տվել հրամանը, «որի հիման վրա մեր զորքերը լքել են իրենց դիրքերը Փարուխում ու փաստացի հանձնել են Քարագլուխը»: «Ձեզ համար այս տեղեկությունը գուցեև ապշեցուցիչ լինի: Շատերդ կդժվարանաք հավատալ, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը նման հրաման կարող էր տալ: Ավելին՝ եթե ես Բալասանյանի վարքագիծը չտեսնեի 44 օրյա պատերազմի ընթացքում, գուցե ինքս էլ զարմանայի: Ցավոք իմ տեսածի մեջ սա ոչ ամենազարմանալին էր, ոչ էլ նույնիսկ ամենազարհուրելին:

Պարզապես ասեմ ձեզ, որ Փաշինյանը Քոչարյանի ու իր թայֆի վրա նենց կոմպրոմատներ ունի, որ դրանք հրապարակելուց հետո փողոցում հավաքված ժողովրդին կարա տանկերով տրորի, ու մարդկանց մեծ մասը ձեն չի հանի ․․․․Քարագլուխի հանձման մասին ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն է եղել դեպքից 3 շաբաթ առաջ: Ադրբեջանցիք պահանջել են այդ բարձրունքը ռուսներից, ռուսներ ասել են, որ կտան: Այս հրահանգը նրանք իջեցնում են Արցախի ՊԲ հրամանատարին, ով հրաժարվում է հրահանգը կատարել: Այնուհետև նրանք Արայիկ Հարությունյանին են հրահանգում հանձնումը կազմակերպել, Հարությունյանը նույնպես հրաժարվում է: Այստեղ ծնվում է փայլուն միտք՝ ստեղծել քաղաքական նախադրյալներ, որպեսզի արցախցիք ավելի հեշտ հնազանդվեն: Պայթում է գազատարը: Դրանից անմիջապես հետո ռուսները ասում են, որ ադրբեջանցիք կմիացնեն գազը, եթե Քարագլուխը հանձնվի: Սակայն պնդաճակատ արցախցիները միևնույն է մերժում են ու պնդում են, որ պատրաստ են առանց գազ նստել, բայց հողը չեն հանձնի: Ստեղ խաղի մեջ է մտնում հերոս Բալասանյանը: Գրավոր հրաման է արձակում ու պահանջում, որ Ասկերանի գնդի հրամանատարը հանի զորքը Փարուխից: Հարությունյան Արայիկը պահից օգտվելով Արցախի տեղեկատվական շտաբին ասում է որ հայտարարեն որ գազի վերականգնման շուրջ բանակցող է նշանակվել Բալասանյանը: Բալասանյանը իհարկե միանգամից հերքում է այդ ամբողջովին ճիշտ տեղեկությունը:

Ասկերանի գնդի հրամանատարը իրավացիորեն պնդում է, որ դիրքերը լքելու հրամանը ապօրինի է, քանի որ Բալասանյանը ոչ մի
իրավունք չունի նման հրամաններ տալու, ինչից հետո ռուսական դաշնային հոգեբանական ողջ զինանոցը լծվում է այդ հրամանատարին վախեցնելու գործին: Իրեն փաստի առաջ են կանգնեցնում, որ եթե զորքը հետ չքաշվի, ռուս զինվորները ուժով են այդ հարցը լուծելու: Դրան զուգահեռ ասում են, որ հայերի փոխարեն ռուսներն են կանգնելու Փարուխում: Էս հրամանատարը ճարահատյալ հետ է քաշում զորքը, բայց ռուսները զարմանալիորեն չեն գալիս, ուշանում են այնպես, ինչպես 30 տարի առաջ ուշացան Սումգայիթում, հետո էլ Բաքվում…»։

Հարկ է նշել, որ նախքան ԼՂՀ-ին պատուհասած արհավիրքը՝ շրջափակումն ու լուծարումը, արցախցիների շրջանում խոսվում էր Բալասանյանի՝ ադրեջանցիների հետ ունեցած ստվերային բանակցությունների, գործարքների մասին։ Ուշագավ է, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը իր «ֆեյսբուքի» էջում դեռ 2022-ի մայիսին հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշվում էր. «Հավաստի տեղեկություններ կան, որ Վիտալի Բալասանյանը Բերձորի միջանցքում գտնվող երեք ՀԷԿ-երն ադրբեջանական կողմին վաճառելու հարցով օրեր առաջ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության պաշտոնյաների հետ։ Հանդիպումը կայացել է ՀԷԿ-երից մեկի տարածքում։ ՀԷԿ-երից երկուսը պատկանում են կարկառուն դաշնակցականներ Լևոն Մկրտչյանին ու Դավիթ Լոքյանին։ Երրորդը պատկանում է Արշավիր Ղարամյանին (ԼՂՀ ԱԱԾ նախկին ղեկավար), սակայն գրանցված է նրա մերձավոր ազգականի անունով»։

Նկատենք, նաեւ, որ 2023 թ․սեպտեմբերին ԼՂՀ-ում տեղի ունեցած ռուս-ադրբեջանական համատեղ «հակաահաբեկչական օպերացիայից» մեկ-երկու ամիս առաջ (օպերացիա, որին հաջորդեց ԼՂՀ ՊԲ-ի լուծարումն ու զինտեխնիկայի հանձնումը ռուսակա կողմին) մամուլում լուր սպրդեց, թե՝ ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ԼՂՀ տարածքից ծանր զինտեխնիկա դուրս բերելու գործընթացում մասնակցում է Վ․ Բալասանյանը։ Արձագանքելով այս լուրերին՝ ԱԽ նախկին քարտուղարը հայտարարել էր․ «ԱՀ նախագահի կողմից նշանակվելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերի համակարգող՝ ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին մասնակցել եմ բացառապես նշյալ լիազորությունների սահմաններում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական ոլորտը ունի համապատասխան գերատեսչություն, որը զբաղվում է անվտանգային-ռազմավարական հարցերի համակարգմամբ՝ ի պաշտոնե չունեի համապատասխան որոշումներ կայացնելու լիազորություններ, իսկ ունենալու դեպքում՝ չէի իրականացնի ԱՀ կենսական շահերը խաթարող որևէ գործունեություն: Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին, որպես ԱԽ քարտուղար՝ արցախյան պատկան մարմինների հետ մասնակցել եմ ԱՀ համար կենսական նշանակության ենթակառուցվածքների, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության խնդիրների կարգավորման աշխատանքներին»։ Ի դեպ, երբ սեպտեմբերյան ագրեսիայից հետո ԼՂՀ մի շարք պաշտոնյաներ ձերբակալվեցին Հակարի կամրջի վրա, լուր տարածվեց, թե ձերբակալվածների թվում է նաեւ Բալասանյանը։ Նա, սակայն, հերքել էր լուրը, եւ ի թիվս «ղարաբաղյան կլանի»՝ ՀՀ նախկին նախագահների հետ սերտ հարաբերություններ ունեցող որոշ այլ դեմքերի, կարողացավ պլսատալ ադրբեջանցիների ձեռքից՝ հավանաբար մատուցած որոշակի ծառայությունների դիմաց։ Նա, փաստրեն, բարեհաջող հանգրվանելով ՀՀ-ում, որոշել է վերստին քաղաքական ակտիվիզմով զբաղվել։

Նշենք, որ Վիտալի Բալասանյանին 2023-ին մեղադրանք էր առաջադրվել ԱՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար։ Սեպտեմբերյան ագրեսիայից շաբաթներ անց՝ հոկտեմբերի կեսերն, հայտնի դարձավ, որ նախկին պաշտոնյայի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Սերժ Սարգսյանի «կռովնի» ընկերը, հիշեցնեք, նախքան Արցախյան վերջին պատերազմը, սկսած 2018-ից, զօրուգիշեր աղաղակում էր՝ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը պետք է տուն գնա, ավելի ճիշտ՝ նրանց պետք է օր առաջ տուն ուղարկել, քանի որ մեր հայրենիքի համար վտանգ են ներկայացնում։ Սա այն պերսոնն է, որը 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ՝ մայիսին, գուժում էր պատերազմի մասին եւ նշում՝ Նիկոլ Փաշինյանը տարածքներ չի զիջելու, այլ՝ «ամբողջ փաթեթն է զիջելու»՝ Լավրոի պլանով նախատեսված։ Կարծես ինչ որ տեղից՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի գրասենյակից, գծագրվել, Բալասանյանի ձեռքն էր տրվել այն պլանը, որը ՌԴ-ն պետք է իրականացներ ԼՂՀ-ում՝ թույլ տալով, որ Ադրբեջանը պատերազմ սկսի եւ այդ դավադիր պատերազմի արդյունքում տեղի ունենա խաղաղապահների մուտքը ԼՂՀ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ