Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Եվս մեկ անգամ վճռականորեն դրսևորենք զգոնություն և պատասխանատվություն

Անկախ պետականության և ինքնիշխանության դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգություն, ցնցումներ ու բախումներ հրահրող յուրաքանչյուր խոսք ու կոչ, քայլ ու քայլերթ խստագույնս մերժում ու դատապարտում եմ։

Նզովքի են արժանի դրսից սնվող ու կառավարվող, ամեն գնով ռուսական տիրապետությունը անվերադարձ ամրապնդելու և ՀՀ-ը ծայրագավառի վերածելու նախկին թե ներկա, հոգևոր թե մշակութային, քաղաքական թե հասարակական գործիչները (ավելի ստույգ՝ գործիքները), ովքեր վերջին ճակատամարտի են նետվել՝ լիարժեք օգտվելով ժողովրդավարության և ազատության ընձեռած հնարավորություններից։

Խստագույնս, օրենքի ողջ գործադրմամբ պաշտպանել, փայփայել ու ամրապնդել է պետք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը։

Մաքրազերծել կառավարությունը և սեփական շրջապատը անգրագետ, անպատասխանատու, վարկաբեկված և անկարող, ամենավտանգավորը՝ կասկածելի ու դրսի կամակատար կադրերից։

Անթույլատրելի և դատապարտելի է Հայ առաքելական եկեղեցու՝ սեփական առաքելությունը անտեսելու և պետականության, ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը։

Թեև բազմաթիվ քայլեր ու ձեռքբերումներ կարող ենք թվել ինքնիշխանության ամրապնդման, արևմտյան քաղաքակրթության հետ մերձեցման ու ժողովրդավարական երկրների հետ արդյունավետ համագործակցության ուղղությամբ, այնուամենայնիվ, մտահոգիչ է մի շարք քայլերի ուշացումը՝

— սառեցված կարգավիճակով անգամ շարունակել անդամակցությունը ՀԱՊԿ-ում օր օրի դառնում է վտանգավոր, ուստի արագացնել ՀԱՊԿ֊ից դուրս գալու հայտարարությունը

— Եվրամիությանն անդամակցելու հայտի հապաղումը և Ադրբեջանի դեպի Արևմուտք ուղղված որոշակի քայլեր կարող են թուլացնել մեզ ուղղված արևմտյան աջակցությունն ու ուշադրությունը, ինչն այսօր մեր անվտանգության ապահովման ամենամեծ երաշխիքն է։

Եվս մեկ անգամ համախմբվենք հանուն մեր պետականության և ինքնիշխանության, վեր կանգնենք մեր ժամանակավոր հիասթափություններից, հաճախ նաև անարդարության դառնությունից ու անսպառ տգիտության դեմ մեր անզորությունից։

Մենք դատապարտված ենք ևս մեկ անգամ մեր հավաքականությամբ և իմաստնությամբ պահել ու պահպանել մեր ազատությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ