Մեր եկեղեցին վաղուց մաքուր կուսական չէ. Շարժման բովանդակությունը ռուսական է

Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ շարժում է սկսվել իշխանության հեռացման պահանջով։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ Հարցին, թե որքանով է ճիշտ եկեղեցականի քաղաքական շարժման առաջնորդումը՝ առավել ևս համեմված անեծքներով, ատելության խոսքով, Ռուբեն Բաբայանն ասաց. «Ես կարծում եմ՝ հավատացյալ մարդիկ, Հայ առաքելական եկեղեցու սպասավորներն իրենք պետք է որոշեն՝ որքանով է դա ճիշտ։ Այն, որ եկեղեցին, և ոչ միայն մեզ մոտ, շատ վաղուց զբաղվում է և՛ բիզնեսով, և՛ քաղաքականությամբ, մաքուր, կուսական ձևով գոյություն չունի, դա փաստ է, և այստեղ ես մեծ պրոբլեմներ չեմ տեսնում։ Պրոբլեմն ավելի շատ տեսնում եմ, թե ինչով են գալիս, ինչ կարգախոսներով են գալիս»։

Նա նշեց, որ երբ լսում ես կարգախոսները, այս ընթացքը, մի բան ես արձանագրում, որ՝ ցավոք սրտի, բացակայում է երևակայությունը՝ ֆանտազիան, որևէ նոր բան չեն հնարել և ձևի տեսակետից փորձում են կրկնօրինակել այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին, բովանդակության տեսակետից՝ այն, ինչով զբաղվում է Ռուսաստանը։

«Երևի ամենատարածված կարգախոսը, որը ժամանակ առ ժամանակ կրկնվում է, և որը հենց կարծեմ սրբազանն է արտահայտել, դա այն է, որ հոգևոր Հայաստանը գալիս է փոխարինելու նոր Հայաստանին։ Փորձենք հասկանալ՝ ինչ է նշանակում նոր Հայաստան, և ինչ է նշանակում հոգևոր Հայաստան։ Կարծում եմ՝ նոր Հայաստանը այս վերջին տարվա ընթացքում ձևավորվող Հայաստանի նոր քաղաքակրթական ընտրությունն է՝ դեպի առաջադեմ երկրներ, դեպի Եվրոպա, դեպի համապատասխան արժեքային համակարգ. սա է նոր Հայաստանը։ Որովհետև, անկեղծ ասած, մինչև 2023 թիվը նոր Հայաստան չկար, համենայնդեպս ինձ համար։ Կար նախկին, հին Հայաստանը՝ տարբեր ձևերով, տարբեր ղեկավարներով, բայց նույն համակարգի մեջ գտնվող, նույն արժեքներով շարժվող և այլն»,- ասաց ռեժիսորը։

Խոսելով այն մասին, թե ինչ է նշանակում հոգևոր Հայաստան, Ռուբեն Բաբայանն ասաց, որ այստեղ բովանդակությունը ռուսական է, և եթե նայենք՝ ինչով և ինչ կարգախոսներով է այսօր առաջնորդվում Ռուսաստանը, մենք կտեսնենք, որ դրանք նույն հոգևոր Ռուսաստանի կարգախոսներն են՝ «духовные скрепы» և այլն։

«Այն, ինչ մենք հասկանում ենք հոգևոր Հայաստան ասելով, արդեն Ռուսաստանի օրինակով տեսնում ենք. դա հիմնականում վերադարձն է դեպի միջնադար, դեպի խավարամտություն, պայքար նրա դեմ, ինչն առաջադեմ է։ Բացարձակապես արհամարհանք մարդու իրավունքների, ուրիշ երկրների հանդեպ, ուրիշ ժողովուրդների հանդեպ։ Ես կարծում եմ՝ սա է։ Սա մեր հանրությունը, մեր ժողովուրդը պետք է որոշի»,- հավելեց Ռուբեն Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ