Բագրատ սրբազանը որոշեց սրբագրել իր խոսքը եւ «Ոգին հաղթելու է դուխին» կարգախոսը փոխարինել «Հոգին հաղթելու է դուխին» կարգախոսով:
Սա տեղի է ունեցավ այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրները սոցիալական ցանցերի իրենց էջերում սկսեցին տարածել մայիսի 5-ին նկարահանված նյութը, որտեղ Բագրատ սրբազանը հայտարարում է. «Ոգին հաղթելու է դուխին», եւ սա սրբազանի նմանօրինակ բազմաթիվ հայտարարություններից մեկն է: Նման հայտարարություններով տեսանյութեր համացանցում տասնյակներով կան:
Ինչու՞ է Բագրատ սրբազանը անում այս սրբագրումը: Մի պատճառով: Ավետարաններում «ոգի» բառը օգտագործվում է նեգատիվ համատեքստում, միայն պիղծ, չար, խուլ մակդիրների հետ կամ ուրվական իմաստով: Չար ոգի, պիղծ ոգի, խուլ ոգի. այսինքն, ոգին պղծության ուղեկիցն է հոգեւոր գաղափարաբանության մեջ:
Աշխարհիկ բառապաշարում եւ աշխարհիկ մարդկանց կողմից նման բառի օգտագործումը խնդրահարույց չէ, որովհետեւ դա «դուխ» բառի ուղիղ թարգմանությունն է եւ աշխարհիկները պարտավոր չեն ծանոթ լինել Ավետարանի այս նրբություններին: Բայց երբ այդ բառը բարձրաստիճան հոգեւորականն է օգտագործում, եզրակացությունը երկուսը կարող է լինել.
Կամ նա հետաքրքրված չէ Ավետարանով եւ չունի Ավետարանի պատշաճ գիտելիքներ, ինչն արդեն կասկածի տակ է դնում նրա հոգեւոր կոչումը եւ հիմք տալիս մտածելու, որ հոգեւորականի սքեմի ներքո այլ հետաքրքրությունների մարդ է թաքնված:
Կամ նա հոգեւորի սքեմի ներքո՝ գիտակցաբար հանդես է գալիս պղծության խոսույթով, հույս ունենալով, թե դա չի նկատվի:
Ամեն դեպքում թե առաջինը եւ թե երկրորդը կատարումն են կեղծ մարգարեների մասին աստվածաշնչյան ահազանգի: