Բագրատ սրբազանը կաթողիկոսական քարոզարշավ է սկսել

Այս շաբաթներին շատերն են հարց տալիս՝ ինչով է պայմանավորված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի ակտիվությունը։ Դժվար թե նրա նման ամբիցիոզ և ընչաքաղց մարդը նման պրոցեսի մեջ մտներ հենց այնպես՝ վեհ գաղափարներից ելնելով։

Իսկ որ նա ամբիցիոզ է և ընչաքաղց, ապացուցում է նրա անցած տարիների գործունեությունը․ Սևանի հոգևոր դպրոցի տեսուչ, Կանադայի և Տավուշի թեմերի առաջնորդ, բիզնես գործունեություն Տավուշում, Կանադայի թեմի սնանկացում, որի արդյունքում, ըստ աղբյուրների, նրա եղբայրը Միացյալ նահանգներում հիմնել է տաքսի ծառայություն, իսկ շատերը գիտեն, որ Միացյալ Նահանգներում բավականին մեծ գումար է պետք ներդնել ծառայություն ունենալու համար՝ մի քանի հարյուր հազարից մինչև միլիոնավոր դոլարներ։

Ոմանք խոսում էին, որ սրբազան Բագրատը ցանկանում է քաղաքական պաշտոն զբաղեցնել՝ հավակնելով վարչապետի պաշտոնին։ Սակայն այս վարկածը չեզոքացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ազգափրկիչ սրբազանը գնացել է ու այլ երկրի քաղաքացիություն է ստացել՝ Կանադայի։ Իսկ երկքաղաքացին չի կարող բարձր պաշտոնի հավակնել։

Ուստի, առաջ է գալիս վաղուց շրջանառվող և միակ վարկածը՝ սրբազան Բագրատը սկսել է կաթողիկոսական աթոռի քարոզարշավ։ Նախկինում էլ հայտնի էր, որ 2018-ի հեղափոխությունից հետո նա ստվերային աջակցել է Գարեգին Բ-ի դեմ արշավը։ Այնուհետև 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը նրան խոստացել էր կաթողիկոսական աթոռն ընտրություններում հաղթելու դեպքում։ Բոլոր նախորդ դեպքերում Բագրատ սրբազանը նենգ խաղերով չի հաջողել նույնիսկ հայ ժողովրդի պատմության ընթացքում ամենաչսիրված կաթողիկոսներից մեկի՝ Գարեգին Բ-ի դեմ։ Հիմա սրբազանը գնում է առավել վտանգավոր արկածախնդրության՝ կաթողիկոսական աթոռը նվաճելու համար վտանգելով Հայաստանի ինքնիշխանությունը և պատերազմ հրահրելով Ադրբեջանի կողմից։

Նոյեմբերյանի, Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի ժողովուրդն այս արկածախնդրությունը բացահայտեց և մենակ թողեց Բագրատ սրբազանին։ Հիմա եկեղեցին պետք է մեկընդմիշտ փակի պետության և Հայ առաքելական եկեղեցու վարկի հետ խաղացող այս արկածախնդիր սրբազանի բոլոր դռները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ