«Ինձ և ամուսնուս քծնել են այնքան, ինչքան քծնում են բոլոր հայրերին եւ մայրերին». Աննա Հակոբյանը՝ դստեր 20-ամյակը ճոխ նշելու սուտ լուրերի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Աննա Հակոբյանը իր էջում գրառում է կատարել օրերս համացանցում տարաված այն լուրերի մասին, թե ինչպիսի գերճոխ ծննդյան տարեդարձ են կազմակերպել Փաշինյաններն իրենց դստեր 20-ամյակին

Մեր դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված ամոթալի հրապարակումների հետ կապված հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.

1. «Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից եւ գրքի հոնորարներից:

2. Երեկոյին մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր մեր ընտանեկան միջացառումներին մասնակցում էին նաեւ 5 տարի առաջ: Ոչ մի նախարար, կամ այլ գերատեսչության ղեկավար ներկա չի եղել` բացի Տավուշի մարզպետից, ով Նիկոլի մանկության ընկերն է եւ մարդի նրան կարող են հիշել մեր ընտանեկան խնջույքների մասին տարիներ առաջ նկարահանված ոչ անհայտ հեռուստահաղորդումներից: Գումարած` Մարիամի ընկերները:

3. Իմ ամուսնուն եւ ինձ «քծնել են» ուղիղ այնքան, ինչքան «քծնում են» բոլոր հայ հայրերին եւ մայրերին, իրենց երեխաների 20-ամյակների կամ այլ հոբելյանների կապակցությամբ:

4. Տերյան փողոցը խնջույքի առիթով չի փակվել:

5. Պարել ենք այնքան, ինչքան բոլոր հայ հայրերն ու մայրերը պարում են իրենց երեխաների 20-ամյակի կապակցությամբ:

6. Մեր ընտանիքի հետ կապված բոլոր մեղադրանքներին արձագանքելու ենք, եւ թույլ չենք տալու, որ ոմանք մեզանից կերտեն իրենց երազած իշխանական, կոռումպացված, թալանչի, շփացած ընտանիքի կերպարը: Նման իշխանական ընտանիքների ժամանակները անցել են:

7. Շնորհավորում եմ բոլոր հայրերին ու մայրերին, ում երեխաների 20-ամյակը լրացել է նոյեմբերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ