Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու իրական և բացառիկ հնարավորություն է առաջացել։

BBC-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, որը հերթական անգամ ստանձնել է Ալիևի խոսափողի դերն ու հավատարիմ մնալով հերքման ու կեղծիքի քաղաքականությանը՝ Բաքվի իրականացրած ռազմական ագրեսիան ու էթնիկ զտումը կրկին «հակաահաբեկչական գործողություն» անվանել։

«Սահմանազատման մասին համաձայնությունը ձեռք է բերվել կողմերի միջև երկկողմանի անմիջական շփման արդյունքում և առանց որևէ երրորդ կողմի ներգրավման։ Սա վկայում է այն մասին, որ մենք ինքներս կարող ենք լուծել մեր խնդիրները։

Բացի այդ, Հայաստանն ինքը որոշեց վերջ տալ «օկուպացիային», և դա արվեց ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով։ Վերջին կետն այն է, որ սա ցույց տվեց՝ հնչեցված տեսակետները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա և մտադիր է մնացած հարցերը լուծել ուժով, չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Ամիրբեկովը։

Ալիևի ներկայացուցիչը չի մոռացել առիթն օգտագործելով պահանջներ ներկայացրել Հայաստանին։

«Պետք է փոփոխություն կատարվի Հայաստանի օրենսդրության ու Սահմանադրության մեջ, քանի որ ներկայիս տարբերակում Ղարաբաղը հայտարարված է որպես Հայաստանի մաս։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է դադարեցնի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ճանապարհի բացման խոչընդոտմանը։ Այդ շրջափակումը դեռ շարունակվում է»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ