Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանն աշխարհիկ պետություն է, իսկ ովքեր ցանկանում են, որ այն դառնա կրոնապետություն, մտածողության հետ կապված խնդիրներ ունեն:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություններին, թե նախկին իշխանության առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, իրենց ուժերի բացասական վարկանիշով պայմանավորված, որոշել են առաջնորդությունը փոխանցել Մայր Աթոռին։

Նկատենք, որ, ըստ նույն տեղեկությունների, վերջերս քաղաքացիական և հոգևոր գործիչների մասնակցությամբ տեղի են ունեցել փակ հանդիպումներ, որոնք գլխավորել է Ամենայն հայոց կաթողիկոսը։ Նշվում է, որ գործողությունների վերաբերյալ որդեգրվել է հստակ ճանապարհային քարտեզ։

Սուքիասյանը հիշեցնում է՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, իսկ հոգևորականությունն ու քաղաքականությունն անհամատեղելի են․ «Եթե դա ճիշտ է, ստացվում է, որ Հայաստանի նախկին քաղաքական ղեկավարությունը ուղեղ չունի։ Տավուշում Բագրատ սրբազանը առաջնորդ չէ, այլ գնացել կպել է այնտեղ, որտեղ նստել է։ Ասում է՝ «մենք գանք քաղաքականություն». թող գնան ու իրենց հոգևոր կյանքով զբաղվեն, դա է նրանց գործը։ Հիմա մեր ժողովրդի հոգևոր կյանքը թողել են, հելել հեծնում են չորս հոգու վրա ու քաղաքականությամբ են զբաղվում, բա եկեղեցի՞ն»։

Նրա խոսքով՝ նման քայլերով փորձ է արվում Հայաստանը տանել կրոնապետության, որի հետևանքով միջազգային հանրությունը ամբողջությամբ կմերժի որևէ գործընկերային կապ ՀՀ-ի հետ, ինչպես նաև Ադրբեջանին հրահրում են Հայաստանի դեմ։

«Մեր եկեղեցու հոգևոր կազմը կեղծ օրակարգով, կեղծ հայրենասիրությամբ դուրս է եկել Հայաստանի դեմ ու սպասարկում է Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը։ Ոչ մի կապ չունեն ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ կրոնի կամ աշխարհաքաղաքական իրադարձությունները հասկանալու հետ։ Ամեն դեպքում մեր եկեղեցին մեր ժողովրդի մոտ հեղինակություն է, բայց չունի հեղինակություն հոգևոր դասը, այլանդակված ղեկավարները, որոնք, եկեղեցու հեղինակությունը, պատմությունը օգտագործելով, խախտում են հանրության հույզերը ու տանում դեպի ցեղասպանության։ Որ բեղերը հանենք, վրաները նշան կլինի՝ ԿԳԲ մեդալ»,- ասում է քաղաքագետը։

Ըստ նրա՝ խնդիր կա եկեղեցին վերադարձնել հայ ժողովրդին, որի համար, ըստ զրուցակցի, պետք է գործի դրվեն պետական բոլոր ինստիտուտները․ «Կաթողիկոսը պետք է գնա. նա Կիրիլի տեղակալն է, մնացածն էլ տեղակալի տեղակալներն են։ Եթե ժողովուրդն էլ հետ գնա դեպի եկեղեցի, մշակութային վերածնունդ կլինի։ Ես առաջարկում եմ իրենց՝ վեշերը հավաքեն, նստեն էշի վրա ու գնան դեպի բները, որտեղ պարտավոր են քրիստոնեական լուսավորություն տարածել»։

Ինչ վերաբերում է գործողությունների վերաբերյալ որդեգրված ճանապարհային քարտեզին, Սուքիասյանը նկատում է․ «Հեղաշրջման կոչեր են անում, դա է իրենց նպատակը։ Այսինքն՝ գրոհում են ժողովրդի ու ՀՀ անկախության դեմ, հրահրում պատերազմ ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բայց ոչինչ չի հաջողվելու։ Մենք խնդիր ունենք դառնալ պետություն, այդ ճանապարհին ենք։ Եկեղեցին չի կարող գերակա լինել, նա ենթակա է պետությանը։ Եթե ինչ-որ բան են ուզում անել, պետք է գնան հանձնվեն Ադրբեջանին։ Ո՛չ ուժ ունեն, ո՛չ խելք, ո՛չ էլ հեղինակություն, պարզապես բացիլներ են, որ ցնցեն պետությունը»։

«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցություն փոխնախագահի խոսքով՝ պետությունը ընդհանուր առմամբ հանգիստ է ընդունում սահմանազատումը, եթե նկատելի չլինի հոգևոր դասի այն հատվածը, որը Տավուշում իրավիճակը սրելու փորձեր է անում. «Հայաստանը գետնի տակից ծնվում է։ Հազար խնդիր է առաջանալու․ մի մասի համար դժվար կլինի հրաժարվել 200 տարվա ուժ ունեցող ՌԴ գերակայությունից, որոշների մոտ հոգեկան խեղումներ կառաջանան, ուղեղի ցնցումներ, որ Հայաստանը անկախանում է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ