ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի տարածքում սահմանների սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ համաձայնությունը:

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության համաձայն, Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը համարում է նշանակալի քայլ, որը կարող է ամրապնդել երկխոսության կամուրջներն ու նպաստել կովկասյան տարածաշրջանում կայունությանը:

«ԱՄԷ-ն հետևում է երկու երկրների միջև վստահության կառուցման և խաղաղության ամրապնդման զարգացող գործընթացին։ ԱՄԷ-ն հույս է հայտնում, որ այս նշանակալի քայլը կամրապնդի հաղորդակցության և երկխոսության կամուրջները և կնպաստի կովկասյան տարածաշրջանում կայունության և կառուցողական համագործակցության խթանմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Պետական նախարար Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղն ընդգծել է, որ ուղղակի հաղորդակցության միջոցով հաստատված այդ դրական զարգացումը կարևոր քայլ է դեպի համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կխթանի զարգացումն և խաղաղությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում, դա օգուտ կբերի երկու երկրներին և ժողովուրդներին:

Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղն ընդգծել է, որ ԱՄԷ-ն սերտ և նշանակալի կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա շեշտել է երկրի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման հարցում՝ միաժամանակ ընդգծելով կամուրջներ կառուցելու և համագործակցություն ու երկխոսություն խթանելու կարևորությունը տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու տեսանկյունից:

Ապրիլի 19-ին Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ