Սպանել է տղամարդուն, վառել թփերն ու այրել դին, բակում փոս փորել և թաղել կիսայրված մարմինը. մանրամասներ զարհուրելի դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվում են Կապանի Բաղաբուրջ բնակավայրի 63-ամյա բնակչի առերևույթ սպանության հանգամանքները։

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ 2024 թվականի ապրիլի 18-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ հայրը ապրիլի 13-ին գնացել է քաղաք Կապան ու չի վերադարձել։

«Ստացված հաղորդման հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապրիլի 18-ին հայտնաբերվել է որոնվող տղամարդու կիսաայրված մարմինը՝ թաղված Կապանի բնակիչներից մեկի տան բակում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 63-ամյա տղամարդը ապրիլի 13-ին՝ ժամը 17-:00-18:00-ի սահմաններում, Կապանում հանդիպել է իր ծանոթին ու առաջարկել նրա տան բակում միասին օղի խմել։

Տանտիրոջ համաձայնությունը ստանալուց և միասին խմելուց հետո 63-ամյա տղամարդը, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, խոսակցության ընթացքում անպարկեշտ արտահայտություններ է հնչեցել Կապանի բնակչի հասցեին, ինչից հետո վերջինս բաց ափով 3 անգամ հարվածել է նրա դեմքին։ Սակայն, վիճաբանությունը կարճ ժամանակ անց հարթվել է։ 63-ամյա տղամարդը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, գիշերել է Կապանի բնակչի տանը։

Քննությամբ դեռևս ստուգման ենթակա տվյալներով՝ ապրիլի 14-ի առավոտյան տանտերը նրան գտել է մահացած վիճակում և վախենալով, որ վերջինս մահացել է իր հասցրած հարվածներից, որոշել է մարմինը թաքցնել։

Այդ նպատակով այն տեղափոխել է իր տան հետնամաս, դիակը թողել մինչ այդ այգում իր կողմից վառած թփերի կիսաայրված զանգվածի վրա։ Ապա նկատելով, որ տղամարդու մարմինն այրվում է, փոս է փորել ու դիակը թաղել այնտեղ՝ հողի հետ դրա վրա լցնելով նաև այրված թփերի կիսամոխրացած զանգվածը։

Սպանություն կատարած լինելու կասկածանքով 2024 թ. ապրիլի 18-ին Կապանի բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ