Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձաժողովների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությանը։

«Մեզ համար շատ կարևոր ձեռքբերում էր, երբ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը գրավոր կերպով պայմանավորվեցին, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու:

Սակայն կարճ ժամանակ անց Ալիևը սկսեց հերքել պրահյան պայմանավորվածությունները, քանի որ այդ դա փաստացի արձանագրումն է Հայաստանի տարածքային ամբողջականության։

Մեդիամանիպուլյացիայի «զոհ» մեր քաղաքացիներին հավաստիացնում են, թե «Տավուշից գյուղեր են հանձնում»։ Ճիշտ է, բոլոր հնարավոր միջոցներով և դեպքերում հերքում ենք այս կեղծ թեզը, բայց ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի քառակուսի չի «հանձնվելու», այլ վերը նշված հռչակագրի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ ունենալու են պետական սահմանի սահմանազատված հատված։

Իսկ այսօրվա իրավիճակում, երբ չկա սահմանագծված պետական սահման, մենք փաստացի գտնվում ենք պատերազմի սպառնալիքի տակ։

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը»,- գրել է Հակոբյանը։

Ապրիլի 19-ին Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) — Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) — Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) — Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) — Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ