Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, հատուկ կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը․ վարչապետ

2023 թվականին Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 23 տոկոսով։ Չնայած նման դինամիկային, երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ներուժը հիմնականում իրացված չէ։ Որ ոլորտներն ենառավել հեռանկարային համագործակցության համար։

Պատասխանելով Ղազախստանի «Egemen Qazaqstan» և «Казахстанская правда» թերթերի հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ 2023 -ի երկկողմ ապրանքաշրջանառության աճը հաստատում է բիզնեսի պայմանները հեշտացնելու համար ստեղծված մեխանիզմների արդյունավետությունը, այնուամենայնիվ, կարելի է համաձայնել, որ պահանջվում են հետագա քայլեր փոխգործակցության նոր ձևերի որոնման համար, որոնք ուղղված են ոլորտային համագործակցությունը որակապես նոր՝ մեր երկրների առկա ներուժին ու զարգացման առաջնահերթություններին համապատասխան մակարդակի հասցնելուն։

«Այս առումով առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նրա հերթական՝ տասներորդ նիստը, կայացել է այս տարվա ապրիլի սկզբին։ Հաշվի առնելով այն առանձնահատուկ ուշադրությունը, որը հատկացվեց տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացման և արտահանման-ներմուծման և տարանցման գործարքների նոր շղթաների բացահայտման խնդիրներին, մոտ ապագայում կարելի է ակնկալել համապատասխան արդյունքներ։

Ավանդական ոլորտների հետ մեկտեղ, ինչպիսիք են սննդի և ոսկերչության արդյունաբերությունը կամ դեղագործությունը, կարելի է խոսել նաև նորարար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին (համատեղ ստարտափների բացում, սարքաշինություն, կրթության թվայնացում, ոլորտային ներդրումների խթանում և այլն)»,- ասել է վարչապետը:

Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, հատուկ կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը։ Այս համատեքստում, ՀՀ կառավարությունը ներկայացրել է տարածաշրջանի համար լայնածավալ «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագիծը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։

«Այս նախագծի նպատակն է՝ ստեղծել առավել բարենպաստ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև էապես մեծացնել Հարավային Կովկասի տարածաշրջանի լոգիստիկ ներուժը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիարժեք հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Բացի այդ, կարծում եմ, որ «բիզնեսը բիզնեսի համար» (B2B) ձևաչափով ուղղակի կապերի հաստատումը կարող է նպաստել նաև մեր երկրների առևտրատնտեսական ներուժի իրացմանը։ Այս առումով հատկանշական է հայ-ղազախական գործարար համաժողովի շրջանակում կատարված աշխատանքը, որը նույնպես տեղի ունեցավ այս ամսվա սկզբին Երևանում»,- ասել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ