Ինչ կլինի, եթե շարունակենք խոսել պատմական Հայաստանի մասին. Էդգար Առաքելյանը մանրամասնում է

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ այսօր ունենք իրական Հայաստան, սակայն դրսից ուղղորդվող ինչ-որ ուժեր, նաև որոշ քաղաքական սուբյեկտներ պատմական Հայաստանի մասին խոսույթով փորձում են նսեմացնել դրա նշանակությունը:

«Դա վտանգավոր է և կործանարար, որովհետև, եթե մենք կորցնում ենք իրական՝ գոյություն ունեցող Հայաստանը, որը ճանաչում է ամբողջ աշխարհը, մենք կորցնելու ենք նաև պատմական Հայաստանի մասին երազանքը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Առաքելյանի խոսքով՝ երբ մենք խոսում ենք Արևմտյան Հայաստանի, Ծովից-ծով Հայաստանի մասին, առնվազն կասկածի տակ ենք դնում մի քանի պետության տարածքային ամբողջականությունը. «Խոսել պատմական Հայաստան՝ Ծովից ծով Հայաստան վերադարձի մասին, նշանակում է խոսել ներկայիս իրական Հայաստանի ոչնչացման կամ դրա սպառնալիքի մասին, նշանակում է կասկածի տակ դնել առնվազն Թուրքիայի, Ադրբեջանի, մի մասով՝ Վրաստանի, մի մասով՝ Իրանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ մենք պատերազմ ենք հայտարարելու մեր հարևան բոլոր երկրներին: Հավատացնում եմ՝ այդ խոսույթը հենց այն է, ինչ պետք է մեր հակառակորդներին՝ Հայաստանը վերջնականապես քաղաքական քարտեզից ջնջելու, վերացնելու, ոչնչացնելու համար»:

Միաժամանակ քաղաքագետը նկատում է, որ անձնական մակարդակում ոչ ոք չի արգելում երազել կամ մտածել պատմական Հայաստանի կամ սեփական արմատների մասին:

«Քանի որ այսօր ՀՀ բնակչության զգալի մասի ծագումնաբանությունը հենց այն տարածքներից են, որոնք չեն հանդիսանում ՀՀ ներկայիս տարածքի մաս: Օրինակ՝ իմ նախնիները Արևելյան Հայաստան են ներգաղթել Մուշից և Ալաշկերտից, դա նաև իմ պատմական հայրենիքն է, սակայն, երբ մենք պետության մակարդակով խոսում ենք այդ թեմաների մասին, նշանակում է մարտահրավեր ենք նետում մեր հարևան երկրներին, և այդ մարտահրավերները ընդունողները ՀՀ-ից շատ ավելի հզոր երկրներ են և կարող են դրանք ընդունել ու ձեռնարկել համապատասխան քայլեր, ինչը մեր շահերից չի բխում»,- ասում է Առաքելյանը:

Վերջինս նկատում է՝ հայ կղերականությունը, որը պատմական տարբեր ժամանակահատվածներում հայկական պետականության հակառակորդն է եղել և խավարամտության մեջ պահել հայ հասարակությանը, այսօր էլի գլուխ է բարձրացրել. «Կա խավարամիտ մի կարծիք, որ հյուսիսի օգնությամբ կարող ենք պատմական Հայաստանի երազանքը կյանքի կոչել, բայց պատմությունը մեզ ցույց է տվել, որ հենց հյուսիսի մուտքը Հայկական լեռնաշխարհի տարածք հանգեցրեց այն ողբերգությանը, որը կոչվում է Հայոց ցեղասպանություն, հայրենազրկում, հայ ժողովրդի կենսական տարածքի կորուստ, մշակույթի, գենոֆոնդի կորուստ: Այսօր նորից այդ խավարամիտ կղերականությունն ու դրան հարող խմբակները նույն թեզն են կրկնում պատմական հայրենիքի մասին: Իրենք հնարավորություն են ունեցել 25 տարի ղեկավարել ներկայիս Հայաստանը և եկեղեցու լուռ համաձայնությամբ կեղեքել և թալանել են ՀՀ-ն, այսօր էլ փորձում են Հայաստանի անիվը կրկին հետ պտտել այդ ուղղությամբ, սակայն համոզված եմ, որ ձախողելու են»:

Առաքելյանը տարօրինակ է համարում նաև այն, որ հաճախ եկեղեցու՝ Մայր Աթոռի հայտարարություններն ու խոսույթները համընկնում են հյուսիսից եկող «մեթոդիչկաների» հետ և համահունչ են խորհրդարանական ընդդիմության ասածներին, ինչը կասկածների տեղիք է տալիս, թե ո՞ւմ համար է աշխատում, ո՞ւմ շահերն է սպասարկում և կոնկրետ ո՞ւմ հոգևոր իշխանությունն է եկեղեցին:

«Իրենք ինչպե՞ս են պատկերացնում՝ պատերազմ հայտարարենք Իրանին, Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին, ո՞նց պետք է իրականացնենք այդ պատմական Հայաստանի երազանքը, եթե մենք այսօր ունենք Հայաստան, որը դեռ լիարժեք ոտքի չի կանգնել: Եթե եկեղեցին անհամաձայնություն ունի դրա մասով, կարող է գնալ իր պատկերացրած պատմական Հայաստան, ասել՝ սա մեր տարածքն է, այստեղ մեր եկեղեցիներն են, և մենք այլևս մեր հոգևոր գործունեությունը իրականացնում ենք պատմական Հայաստանում, ինչո՞ւ չեն գնում: Ցավալիորեն մեր եկեղեցին, թողած եկեղեցական կյանքը, ակտիվ քաղաքականությամբ է զբաղված, այն պարագայում, երբ վերջին 20 տարիներին ներկայիս հոգևոր իշխանության ակտիվ ջանքերի շնորհիվ ՀՀ-ում հոգևոր կյանքը ճգնաժամի մեջ է»,- ասում է քաղաքագետը:

Անդրադառնալով վարչապետի այն մտքին, որ պատմական Հայաստան-ՌԴ հարաբերություններից անցնում ենք իրական Հայաստան-ՌԴ հարաբերությունների՝ զրուցակիցն ասում է՝ այդ հարաբերությունները չպետք է լինեն նախկին վասալի և տիրոջ հարաբերություններ. «Այդ հարաբերությունները պետք է լինեն պետությունների միջև միջպետական սուվերեն հարաբերություններ, ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, ռազմակայանը այլևս փչացած գործիքներ են, որոնք ընկած են հայ-ռուսական հարաբերությունների ճանապարհին և ոչ միայն օգուտ չեն տալիս, այլև վնասում են, ուստի պետք է ազատվել դրանից, հասկանալ՝ որտեղ են մեր շահերը համընկնում և կառուցել այդ հարաբերությունները, և միայն այդ պարագայում մենք կկարողանանք հաջողել»:

Հարցին, թե իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ անվտանգությունը կամ ինքնիշխանությունը՝ քաղաքագետը պատասխանում է՝ իրական Հայաստանի երաշխավորը միջազգայնորեն ընդունված նորմերն են՝ խաղի կանոնները, որոնք ընդունել է քաղաքակիրթ աշխարհը:

«Մեր երաշխիքները միջազգային իրավունքի սկզբունքներն են, որ մեր հարևաններին ասում է՝ ՀՀ-ն ճանաչում ենք այս սահմաններով, այս տարածքում, և դուք իրավունք չունեք խախտել այդ սահմանները, հակառակ դեպքում կարող են տեղի ունենալ կոնկրետ գործողություններ: Մեր երաշխիքը մեր բանակն է, մեր գործընկերներն են, մեր դաշնակիցները, մեր ներքին կյանքի կայունությունը, ժողովրդավարական՝ կայուն պետություն ստեղծելը, հզոր տնտեսություն ունենալը»,- եզրափակում է նա:

Հերմինե Կարապետյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ