«Գազպրոմ»-ի ենթադրյալ ապօրինությունները հասավ դատարան. «ՄՏԿ»-ն ընդդեմ «Գազպրոմ»-ի նիստի մանրամասները

Երևանի քաղաքացիական դատարանում դատավոր Թաթուլ Ղուկասյանի նախագահությամբ տեղի ունեցավ «ՄՏԿ» ՓԲ
Ընկերությունն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության դատական նիստը, որով պահանջվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կարիքների համար «G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների» ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից հայտարարված «№099/GArm/24_4.3_016/05.03.24» ծածկագրով մրցակցային ընտրության անցկացման ընթացքում նախնական ընտրության 1-ին փուլի հրավերն անվավեր ճանաչել։
«ՄՏԿ» ՓԲԸ-ի շահերը պաշտպանող փաստաբան Հասմիկ Ենգոյանը նշեց, որ հայցադիմումի հիմքում դրվել է գնումների մասին օրենքի 3-րդ հոդվածը, որը սահմանում է գնման ընթացակարգի իրականացման կարեւորագույն սկզբունքները․

«Որպեսզի դատարանի համար ամբողջական պրոցեսը պարզ լինի՝ կենցաղային հաշվիչների ձեռքբերման մասին է խոսքը, որը կարեւոր նշանակություն ունի մեր բոլոր ապառողների համար եւ արդյունավենտ, էժան գնում իրականացնելը ուղղակիորեն ազդում է հասարակության ցանկացած անդամի գրպանի վրա, որովհետեւ ոչ մեկը չի ուզենա ավել գազի գումար վճարել, իսկ թանկ եւ անօրինական մրցույթները միշտ բերում են գազի գնի արհեստական թանկացման»,- ասաց նա։

Ենգոյանը ներկայացրեց նախապատմություն, ըստ որի՝ հունվար ամսին կազմակերպել է գազի հաշվիչների ձեռքբերման մրցույթ. «Մեր ընկերությունը եւ եւս մեկ ընկերություն է հայտ ներկայացրել, ընդ որում՝ մեր մասնակիցը հենց տեղում հայտարարել է, որ բերել է գնային առաջարկ՝ կեսից ավելի էժան գնով, որովհետեւ ստացել է իր արտադրող ընկերությունից ցուցում, թե այդ հաշվիչները ինչ գնով իրավունք ունի վաճառել շուկայում, որից հետո անհասկանալիորեն այս գնման ընթացակարգը, հայտերը չբացված, չեղարկվել է։ Մի կողմ թողնենք իրավական օրինականությունը չեղարկման հետ կապված. պրոցես է գնում կազակերպելու երկրորդ գնման ընթացակարգը, մինչ այդ մեր ընկերությունն արդեն գրությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը հայտնում է, որ կարող է ներկայացնել գնման առաջարկ 200 միլիոն դրամ էժան գնով՝ 400 միլիոնանոց մրցույթում. դրանից հետո գնման ընթացակարգի երկրորդ մրցույթի հրավերում կատարվում է հրավերի փոփոխություն՝ նախ դրվում է հայտի փուլում հաշվիչի նմուշ ներկայացնելու պարտականություն եւ երկրորդը՝ փոխվում են հաշվիչի չափերը։ Այնուամենայնիվ, մի կողմ թողնենք, որ նմուշ չէր կարող ուզել, որովհետեւ հայտի փուլում ընկերության համար շատ բարդ է այդ նմուշը ներկայացնել»,- ասաց նա, օրինակ բերելով, որ ՊՆ-ն երբ ամենաբարդ պատվիրատուն է եւ մրցույթ է իրականացնում՝ նմուշների պահանջը ներկայացնում է ապրանքը հանձնելուց առաջ։

«Մասնակցում է մեր ընկերությունը այս երկրորդ գնման ընթացակարգին, այդ նմուշները հասցնում է արտադրողից բերել տրամադրել «Գազպրոմ Արմենիա»-ին։ Երկրորդ մրցույթին լինում է միակ մասնակիցը, որը, սակայն, չեղարկվում է, քանի որ մեր մասնակցի հայտը գնահատվում է անբավարար՝ փոփոխված չափերի հիման վրա։ Որից հետո նորից է հրավերը փոխվում եւ դրվում է գազային հաշվիչների երկրորդ՝ այսպես ասած երրորդ մրցույթ եւ հրավերը տրոհվում է երկու փուլի»,- ինչը բավականին բարդեցված մրցույթ է փաստաբանի խոսքով եւ նաեւ նման մրցույթ էր կազմակերպվել Էկոնոմիկայի նախարարության կողմից, որով նախկին նախարար Վահան Քերոբյանը մեղադրյալ է։

«Մյուս հրավերի խտրական պահանջների հետ միասին այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ պիտի ինչ-որ մեկը հաղթի թանկ գնով, համենայնդեպս մենք այդպես ենք կարծում»,- ընդգծեց նա։

Պաշտպանն ասաց, որ ներկայացվում է նաեւ միջնորդություն, որն էական նշանակություն ունի հրավերի օրինականությունը եւ գնումների մասին օրենսդրության պահանջների համապատասխանությունը ստուգելու առումով. «Մենք երկու շատ կարեւոր հանգամանք ենք դատարանին ներկայացրել։ Ուրեմն, հարգելի դատարան, ինչում է կայանում հրավերի հաջորդ խնդիրը, դրանով նախ դրվել է երկու հաշվիչ՝ G4 եւ G6, այս երկու հաշվիչները միանշանակ ունեն առանձին տեխնիկական բնութագրեր, բայց սրանք միավորվել են մեկ չափաբաժնի մեջ, սակայն գնումների մասին օրենքի ամենակարեւորագույն սկզբունքներից մեկը կայանում է նրանում, որ մի լոտի մեջ չի թույլատրվում միավորել երկու տարբեր տեխնիկական բնութագրեր ունեցող ապրանքներ»,- ասաց նա, օրինակ բերելով, որ դա նշանակում է մի լոտով երկու տարբեր iPhone հեռախոսներ ուզել։

Դատավորը հայցադիմումից հարց ուղղեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցչին, ասելով. «Շուկայում առկա, կոնկրետ, օրինակ՝ G4 հաշվիչների մասով տեսակի հաստատման սերտիֆիկատի չափերը (խորությունը) ձեր հաշվելով 155 մմ է, մինչդեռ տեսակի հաստատման սերտիֆիկատներով նման հաշվիչների չափերը 157-ից 175 է, ի՞նչ կասեք սրա վերաբերյալ»։

Ինչին ի պատասխան՝ ընկերության շահերը պաշտպանողը նշեց, որ որպես գնումների մասնագետ, սերտիֆիկացման հետ կապված այդքան չի կարող լավ ներկայացնել, «բայց ինչքան ես տեղյակ եմ՝ սերտիֆիկացվում է գազահաշվիչը եւ չափերի մասին ոչ մի բան չկա»։
ՄՏԿ-ի փաստաբան Արամազդ Կիվիրյանը հարց ուղղեց «Գազպրոմ»-ի ներկայացուցիչներին. «Հիմա ուզում եմ հասկանալ՝ տարիների ընթացքում ո՞ր ժամանակահատվածում է, օրինակ, պահանջ ներկայացված ձեռք բերելու 155 մմ կամ մինչեւ այդքան խորության գազահաշվիչ», — ինչին «Գազպրոմ»-ի փաստաբանը արձագանքեց, որ լիազորված չէ պատասխանել։

«Քանի որ դատարանին ներկայացված պատասխանով փորձում եք հիմնավորել, որ հայցվորի կողմից նախկինում մատակարարված կամ հիմա մատակարարվող հաշվիչները լավը չեն եւ ասացիք, որ լիազորված կազմակերպությունները տվել են բացասական եզրակացություն, եթե չեմ սխալվում՝ մեկ «Արմավիր Գազմաշ»-ն է (որը, փաստաբանն ասաց, որ «Գազպրոմ»-ի դուստր ընկերությունն է), կխնդրեմ ասեք՝ այս երրորդ մրցույթին ինքը հայտ ներկայացրել է՞, թե ոչ»,- ինչին, կրկին տեղյակ չլինելու պատասխան տվեց «Գազպրոմ»-ի փաստաբանը։

«Մենք մեր հայտը մերժելու իրավաչափությունը չենք վիճարկում, ընդամենը պատասխանող կողմը փորձում է ստեղծել տպավորություն, որ ՄՏԿ-ի կողմից մատակարարված ապրանքը լավը չէ՝ տեսեք, մենք երկու եզրակացություն ունենք, մենք ընդամենը նշում ենք, որ ունենք երկու այսպես ասած բացասական եզրակացություն՝ մեկը «Արմավիր Գազմաշ»-ի, մյուսը «Հայկազմգազ»-ի կողմից, եւ «Արմավիր Գազմաշ»-ը մասնակցել է արդեն երրորդ գնմանը, իսկ «Հայկազմգազ»-ին էլ խնդրել ենք տրամադրել հիմքերը նմանատիպ բացասական եզրակացության եւ մինչեւ հիմա պատասխան չունենք»։

«Մեր խորին հաշոզմամբ՝ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել պատասխանողի կողմից, որպեսզի հայցվորը հնարավորություն չունենա մասնակցելու գնումների գործընթացին։ Ըստ այդմ կարեւորում եմ հարցի պարզաբանում՝ արդյո՞ք նախկինում հաշվիչները երբեւէ ուղարկվել են համապատասխան հիմնարկ, կազմակերպություն, այդ թվում՝ «Արմավիր Գազմաշ»՝ ինչ-որ ուսումնասիրություն կատարելու նպատակով»,- հարց ուղղեց Կիվիրյանը պատասխանող կողմին, ինչին, կրկին՝ էական չհամարեց պատասխանել «Գազպրոմ»-ի ներկայացուցիչը։

Դատարանը որոշեց այսքանով ավարտել գործի քննությունը եւ հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 30-ին, կհրապարակվի որոշում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ