ՊԵԿ-ը պարզաբանել է, թե ինչու է դատի տվել «Հայաստան» դաշինքի նախկին անդամի կնոջ ՀԿ-ին

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Հանրային դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպության՝ պահանջելով դադարեցնել հիշյալ ՀԿ-ի գործունեությունը։ Դատական առաջիկա նիստն էլ նշանակված է մայիսի 30-ին։ Հիշյալ ՀԿ նախագահը ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաստան» դաշինքի մաս կազմած «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կինն է՝ Էլիզաբեթ Պետրոսյանը։

Civic.am-ը հարցում էր ուղարկել ՊԵԿ՝ պարզաբանում ստանալու, թե ի՞նչ հիմքով է ՊԵԿ-ը դիմել դատարան, ի՞նչն է եղել պատճառը։ Ի պատասխան մեր հարցման՝ ՊԵԿ Իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը պատասխանել է. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը պարտավոր է Օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Լիազոր մարմնի պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր։ Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ հասարակական կազմակերպությունների կողմից Օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Լիազոր մարմին)։ Հասարակական կազմակերպության կողմից Օրենքի պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերվելու դեպքում, որոնք կարող են վերացվել հասարակական կազմակերպության ձեռնարկած միջոցառումներով, Լիազոր մարմինը հասարակական կազմակերպությանն առաջարկում է խախտումները վերացնելու կարգն ու ժամկետները:

Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հասարակական կազմակերպության գործունեությունը կարող է որոշակի ժամկետով կասեցվել դատարանի որոշմամբ՝ Լիազոր մարմնի դիմումի հիման վրա: Լիազոր մարմնի դիմումը պետք է լինի պատճառաբանված` նշելով այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որի խախտումը հիմք է հասարակական կազմակերպության գործունեությունը կասեցնելու համար, և ներկայացնելով խախտման փաստը հաստատող ապացույցները: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանն իրավունք ունի կասեցնելու հասարակական կազմակերպության գործունեությունը, եթե հասարակական կազմակերպությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում: Նույն հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ կոպիտ խախտում է համարվում նույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում խախտումները չվերացնելը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրային դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից չի կատարվել Լիազոր մարմնի պահանջը՝ չեն ներկայացվել 2020թ. և 2021թ. ընթացքում իրականացրած ծրագրերի, օգտագործված/ծախսված դրամական միջոցների վերաբերյալ տարեկան հաշվետվությունները, Պետական եկամուտների կոմիտեի կողմից 12.06.2023թ. հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան «Հանրային դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպության գործունեությունը կասեցնելու պահանջի մասին։ Հայցադիմումը թիվ ՎԴ/4634/05/23 գործի շրջանակներում դատարանի 14.07.2023թ. որոշմամբ ընդունվել է վարույթ։ Գործը գտնվում է դատաքննության փուլում»։

Նշենք, որ Oրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հասարակական կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվող էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգի անձնական էջում և իր պաշտոնական ինտերնետային կայքում (այդպիսին ունենալու դեպքում) հրապարակել գործունեության տարեկան հաշվետվությունը:

Թե ինչ է թաքցնում Վահե Հակոբյանի կնոջ կազմակերպությունը պետությունից, որ չի ներկայացրել հաշվետվությունները՝ շրջանցելով օրենքի պահանջը, մնում է ենթադրել։

Սա, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այն ՀԿ-ն է, որը տարիներ շարունակ ահռելի ֆինանսական միջոցներ է ստացել ՀՀ հանքարդյունաբերական հսկայից՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ