«Գալու ես դատվես, արա՛, դա է մեծի պահանջը, դու գործակալ ես. Հայկ Սուքիասյանը՝ Արշակ Կարապետյանին

Պաշտպանության նախկին նախարար, այժմ Ռուսաստանում գտնվող Արշակ Կարապետյանը հայտարարել է, թե հանրային տրիբունալ են ստեղծելու, որի միջոցով պատասխանատվության ենթարկեն Նիկոլ Փաշինյանին:

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ այն ոչ թե Կարապետյանի մտադրությունն է, այլ նրա շուրթերով Կրեմլն է խոսում:

«Արշակ Կարապետյանը ճողոպրել է Ռուսաստան ու գանգին կրում է Մոսկվայի պարտադրանքները։ Հեռացողը խոսում է իշխանությանը հեռացնելու մասին: Ասում է՝ կուսակցություն է բացում. կուսակցությունը բուդկա չէ, որ բացես, այն հիմնադրում են։ Այս մարդը անգամ նվազագույն ինտելեկտ չունի, դրա հետևանքով հեշտությամբ գանգին իջեցրել են այդ պարտականությունները։ Սա Հայաստանին թշնամի անձ է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Սուքիասյանն այն համոզմանն է, որ տրիբունալ պետք է Կարապետյանի համար ստեղծվի, այն էլ՝ ռազմական, որը կզրկի նրան գեներալի կոչումից և կենթարկի պատասխանատվության։

Վերջինս պնդում է, որ Կարապետյանը գործակալ է և որպես գործակալ է մուտք գործել պետական համակարգ ու նման կարևոր՝ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել:

«Իշխանությունները դա հասկացել են, ցավոք, շատ ուշ, երբ նկատելի է եղել, թե ինչպես են գործել ու բանակը մատնել անգործության։ Ռազմական ոլորտում տապալվեց, հիմա քաղաքական ոլորտում է ՀՀ ներքին կյանքը ցնցումների փորձում տանել։ Այդ հանձնարականը Ռուսաստանից տարբեր կազմակերպություններ, անձինք արդեն ստացել էին, այժմ հերթը Կարապետյանինն է, բայց այդ մարդը կարողությունների, ընդունակության հարցում մեծ խնդիր ունի. ինչպես ռազմական ոլորտում ոչ մի բան չհաջողեց, այնպես էլ այս ոլորտում չի կարող որևէ բան անել»,- նկատում է նա:

Դիտարկմանը՝ Կարապետյանը նաև հայտարարել է, որ տրիբունալի բարձրագույն մարմին հռչակվելու են հայ մեծերը, հարցադրմանը՝ ո՞ւմ նկատի ունի՝ զրուցակիցն ասում է. «Պարզ է, որ նրա համար Ռուսաստանն է մեծություն, բայց անհասկանալի է, որ ասում է՝ «հայ», ո՞ւմ նկատի ունի, երևի Տիգրան Մեծին։ Եթե նկատի ունի Հայաստանի կողոպտված անցյալի ներկայացուցիչներին, ապա դրանք վաղուց գետնի տակ են»:

Միաժամանակ զրուցակիցը ընդգծում է՝ Հայաստանում գտնվող միակ մեծությունը՝ հայ ժողովուրդը, Կարապետյանին վերաբերող ընդամենը մեկ պահանջ ունի․ «Գալու ես դատվես, արա՛», դա է մեծի պահանջը։ Այդ մեծն է ընտրել իշխանությանը, իսկ դու ընտրել ես ճորտությունը»։

Ըստ Սուքիասյանի՝ Կարապետյանի հայտարարություններում նաև անվտանգությանը սպառնացող վտանգ կա, այն է՝ «Հոկտեմբերի 27»-ի կրկնություն կարող է լինել․ «Ուրիշ գործիք չկա․ նախկինում շատ էին ռևանշիստները, գործակալական խմբերը, որ տարբեր տեղեր ցնցումներ էին անում, բայց երեք տարում հաջողություններ չունեցան։ Հետո առաջ բերեցին Ադրբեջանին, դա էլ կործանվեց։ Մնացել են միայն քաղաքական սպանությունները, իսկ Ռուսաստանը դա կարող է անել, ինչպես արել է «Հոկտեմբերի 27-ը»»։

Նա զգոնության կոչ է անում ՀՀ իշխանություններին, շեշտում՝ պետք է լավ կազմակերպվի ՀՀ պետական մարմինների բոլոր անդամների ու կառույցների անվտանգությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ