Դավիթ Շահնազարյանի եւ ՀՀԿ-ի համար, կարծես թե, ընտրությունները վաղուց տապալված են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երեւանի փողոցներում ընթացող քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, այդ քայլերը նպատակ ունի տապալելու ընտրությունները:
Ավելի վաղ NEWS.am-ին տված հարցազրույցում Դավիթ Շահնազարյանը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է տապալել առաջիկա ընտրությունները։
«Որովհետեւ նա շատ լավ հասկանում է՝ եթե խոսում էր 80–90 տոկոսի մասին, հիմա ինքը լուրջ խնդիր է ունենալու արդեն դեկտեմբերին մեծամասնություն ունենալու համար։
Դրա համար սեղանը պետք է շուռ տալ։ Սա է իր պարզունակ ծրագիրը, իր անակնկալը։ Սա մարտահրավեր է մեր պետականությանը. Նիկոլ Փաշինյանը տապալում է առաջիկա ընտրությունները. չի հաջողվելու դա իրեն»,–ասել էր նա՝ հավելելով, որ ընտրությունները տապալելու մեխանիզմը Փաշինյանի ծրագրած Մեծ երթն է Երեւանում։
աղբյուրը՝ NEWS.am