«Կրակոցի ժամանակ մի պատուհան է վնասվել, այդ պատուհանի տակ էլ երեխա է քնած եղել, հրաշքով փրկվել է»․ Մովսես գյուղի նախկին գյուղապետ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Իրավիճակի մասին հավելյալ տեղեկության համար Iravaban.net-ը կապվել է Տավուշի մարզի Մովսես գյուղի նախկին վարչական ղեկավարի հետ։ Զավեն Պապյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին խաղաղ է, բայց երեկ՝ ժամը 11։20 սկսել են կրակելը, առավոտյան 04։30-ին են դադարել կրակոցները․ խոշոր տրամաչափի զենքերով են կրակել։

«Հենց գյուղի վրա են կրակել, տներ, տանիքներ են վնասվել։ Կրակոցի ժամանակ մի պատուհան է վնասվել, այդ պատուհանի տակ էլ երեխա է քնած եղել, հրաշքով փրկվել է»,-հայտնեց Պապյանը։

Նրա խոսքով՝ մարդկանց մեջ խուճապ, անհանգստություն չկա, հիմա խաղաղ է։

Այս պահին իրավիճակը կայուն է նաև Սյունիքի մարզի Արավուս գյուղում․ հայտնում են ղեկավարի գրասենյակից։

Նախարարությունից հայտնել են, որ կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ