Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում դինամիկան փոխարտգործնախարարը աննախադեպ է որակել

Այն դինամիկան, որ այսօր կա Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, կարելի է աննախադեպ որակել:

«Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ հիշեցնելով Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային առաքելությունը, Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման շուրջ ընթացող բանակցությունները, Եվրոպական խաղաղության գործիքին Հայաստանի հասանելիության, հայկական ապրանքների եվրոպական շուկաներ ավելի դյուրին մուտքի շուրջ քննարկումները։

«Սրանց ուղղությամբ դրական զարգացումները թույլ կտան նաև առաջ շարժվել և ավելի հավակնոտ օրակարգերի մասին խոսել»,- ասել է Կոստանյանը։

Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունել է բանաձև, որով առաջարկվում է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն տալ:

Այն ընդունվել է ձայների 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Պաշտոնական Երևանը ողջունել է բանաձևը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։

Հարցին՝ սառը չէ՞ր վարչապետի արձագանքը, թե՞ զուսպ մեկնաբանությամբ քաղաքական զգուշավորության, պրագմատիզմի դրսևորում էր, Կոստանյանը պատասխանել է․

«Բացարձակ սառը չէի համարի նման ձևակերպումները, որովհետև էսպիսի որոշումները, որոնք շատ կարևոր են հենց Հայաստանի ապագայի և աշխարհում մեր դերի վերաբերյալ, կարծում եմ՝ լայն քննարկումների առիթ պետք է հանդիսանան, և հենց ժողովրդավար պետություններին հատուկ է նման քննարկումներ ունենալը։ Այդ քննարկումները սկսվել են, փորձագիտական շրջանակները, սովորական քաղաքացիներն արդեն խոսում են, և այս խոսակցությունը, վստահաբար, էլ ավելի մեծ ծավալներ կստանա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ