Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը աշխատանքային այցով Բաքվում էր: Մարտի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետհանդիպումից հետո նրանք մամուլի համար հայտարարություններ են արել։

Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ստոլտենբերգն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, կոչ արել, որ 2 երկրները օգտվեն հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից:

«Ես ողջունում եմ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցների հետ ավելի սերտ կապեր հաստատելու Ադրբեջանի ջանքերը և այն փաստը, որ ձեր երկիրը ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում Եվրոպայում ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցներին գազ և ապագայում էլեկտրաէներգիա մատակարարելու գործում: Դուք կարևոր դեր եք խաղում մեր հասարակությունների կեցության գործում»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նա հավելել է, որ կարևորում է տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի անվտանգության, այլև ավելի լայն համատեքստում։

«Հայաստանն ու Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության: Դուք ավելի, քան երբևէ, մոտ եք խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ ես կարող եմ ձեզ միայն հորդորել օգտվել այս հնարավորությունից՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,-ասել է Ստոլտենբերգը։

Հիշեցնենք՝ Ադրբեջան այցից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վաղը՝ մարտի 19-ին, կժամանի Հայաստան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ