Ըստ հարցումների՝ «Եվրատեսիլ-2024»-ում հաղթելու է Խորվաթիան. Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում

«Եվրատեսիլ-2024» eurovisionworld.am կայքում ընթացող քվեարկության արդյունքներով մրցույթի 37 երկրներից Խորվաթիան գլխավորում է ցուցակը, երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար Նիդերլանդներն ու Հունաստանն են:

Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում:

Ըստ կայքի քվեարկության արդյունքների՝ 4-րդ տեղում Շվեդիան է, 5-ում՝ Իտալիան, 6-ում՝ Սերբիան, 7-ում՝ Ֆրանսիան, 8-ում՝ Ուկրաինան, 9-ում՝ Վրաստանը և 10-ում՝ Իսրայելը:

Կայքն արդեն շուրջ տասը տարի հարցումներ է իրականացնում մրցույթի երկրպագուների և հետաքրքրվողների շրջանակում: Նախորդ տարիների հարցումները փաստում են, որ կայքի քվեարկությունների սանդղակը համընկնում է մրցույթի հիմնական արդյունքներին:

Չնայած կայքի քվեարկության արդյունքներին՝ «Յութուբ»-ում երգի տեսահոլովակների դիտումների պատկերը խիստ տարբեր է քվեարկության արդյունքներից: «Յութուբում» դիտումների քանակով Նիդերլանդները գլխավորում է ցուցակը 11 միլիոն դիտումով, իսկ Խորվաթիան՝ 2.7 մլն դիտում ունի: Համեմատության համար նշենք, որ Ուկրաինան 3.6 մլն դիտում ունի, Իսպանիան՝ 2.6 մլն, Լեհաստանը՝ 2.3 մլն, Իտալիան և Հունաստանը՝ 2 մլն, Իսրայելը՝ 1.8, Ֆինլանդիան՝ 1.7, Բելգիան՝ 1.6 մլն դիտում, Լիտվան 1.4 մլն դիտում, Շվեյցարիան՝ 1.3 մլն: Հայաստանը՝ մոտ 1 միլիոն դիտում:

Կայքում Հայաստանի մասնակցի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ:

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:

Մարտի 13-ին հրապարակվեց այն երգը, որով Հայաստանը ներկայանալու է Եվրատեսիլի մրցույթին։

«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչև մալոյայի, ջազի և ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման և համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:

«Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով: Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ