Ուրախ, գունեղ, ու բարի երգ է․ Արշակյանը «Լադանիվա» խմբի եվրատեսիլյան երգի մասին գրառում է արել

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում տարածել է Եվրատեսիլ մրցույթի Հայաստանի մասնակցի` Լադանիվայի խմբի երգի տեսահոլովակը։

Նշենք՝ երգի հրապարակումից հետո հասարակության մի մասը քննադատական կարծիքներ են հնչեցնում տեսահոլովակի և երգի վերաբերյալ։

Գրառմանը կից, Արշակյանը գրել է․

«Ուրախ, գունեղ, ու բարի երգ է։ ԼադաՆիվային ու Հայաստանին հաղթանակ մաղթենք Եվրատեսիլ 2024֊ին»։

Հիշեցնենք՝ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը, որի որոշումը ընդունվել է Հանրային հեռուստաընկերության ներքին ընտրությամբ։

Մարտի 13-ին հրապարակվեց այն երգը, որով Հայաստանը ներկայանալու է Եվրատեսիլի մրցույթին։

«Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչև մալոյայի, ջազի և ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման և համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է:

«Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով: Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ