Ես վախենում եմ այն սցենարից, որ Բաքուն ամբողջությամբ կնետվի Ռուսաստանի «գիրկը», իրավիճակը շիկանում է. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ ընդունված բանաձևով Եվրոպան պատասխանում է Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Հայաստանը պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան որ Միությունը թույլ կտա»:
«Հիմա, ըստ երևույթին, ազդակներ ենք ստանում, որ Եվրոպան պատրաստ է ընդհուպ մինչև մի քանի տարվա հեռանկարով Հայաստանին իր ընտանիքի լիիրավ անդամ տեսնել, իհարկե, եթե Հայաստանը իր «տնային աշխատանքը» կատարի: Խոսքը բարեփոխումներին է վերաբերում, ստանդարտների բարելավմանը և մոտարկմանը եվրոպականին: Սա մեր կողմից տքնաջան «տնային աշխատանք» է ենթադրում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Նա եվրոպական մեծ ընտանիքի անդամի թեկնածության հարցը դիտարկում է նաև անվտանգային համատեքստում:

«Սա կարծես թե յուրօրինակ անվտանգային բարձիկ է դառնում ՀՀ-ի համար: Ժամանակին Սերժ Սարգսյանի թեթև և դավադիր ձեռքով այդ բարձիկի դերը ստանձնեց ԵԱՏՄ-ն, մենք տեսանք, թե այդ անվտանգությունն ինչպես ապահովվեց թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ՀԱՊԿ-ի մասով, թե՛ առհասարակ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ձևաչափում»,- նկատում է նա:

Ըստ քաղաքագետի՝ Բաքվում թե՛ դիվանագիտական կորպուսը, թե՛ առհասարակ քաղաքական վերնախավը խճճվել է և հայտնվել իր իսկ լարած թակարդներում:

«Սա իրականում խոսում է Բաքվի ձախողված քաղաքականության և հայկական դիվանագիտության ճիշտ ճանապարհ բռնելու մասին: Այնպես որ պետք է այս ուղղությամբ աշխատանք տանել: Ալիևի վրա ճնշումը պետք է մեծացնել միջազգային մեր գործընկերների հետ աշխատանքի արդյունքում, և այս համատեքստում Բաքվից հնչող պահանջներին միանշանակ պետք է կոնտր պահանջներ ներկայացնել, որպեսզի բանակցություններում սակարկման տեղ և հնարավորություն լինի, որևէ կոմպրոմիսային ճանապարհով լուծումներ գտնել, ոչ թե միակողմանի զիջումների գնալ»,- ասում է նա:

Վերջինս ընդգծում է, որ միաժամանակ ջրբաժանն արդեն իսկ գծված է. հավաքական Արևմուտքը Բաքվի առաջ հստակ պահանջներ է դնում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու մասով. «Այդ թվում նաև ճնշումներ կան Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի վրա՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասով, և Բաքուն հիմա երկընտրանքի առաջ է կանգնած: Ես վախենում եմ այն սցենարից, երբ Բաքուն ամբողջությամբ կնետվի ՌԴ-ի գիրկը, այդ պարագայում մենք գործ կունենանք պաշտոնապես ռուս-ադրբեջանական տանդեմի սպառնալիքի հետ, և դրան ևս պետք է պատրաստ լինել»:
Նա համոզմունք է հայտնում, որ Ռուսաստանին չի հաջողվելու Հայաստանին հետ պահել իր անկախացման ճանապարհից:

«Չի ստացվելու, և այս ուղղությամբ էլ է պետք «տնային աշխատանքը» շատ նրբորեն ու ուշադիր կատարել: Զախարովան իր խոսքում «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերումը անվանում էր վտանգավոր քայլ, և որ ՀՀ-ն ծանր օրեր կունենա: Ես սպառնալիքի նշույլներ նկատեցի, մամուլում են լուրեր պտտվում, թե ինչ-որ աբխազներ են տեղափոխվում ՀՀ՝ բողոքի ակցիաների մասնակցելու համար: Չգիտեմ՝ որքանով են ճիշտ, բայց այս ուղղությամբ պետք է աշխատանք տանել, շիկանում է ՀՀ-ի շուրջ իրավիճակը»,- կարծում է Մկրտչյանը:

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը «կաշվից դուրս է գալիս», որպեսզի Ադրբեջանին ՀՀ-ի վրա հարձակվելու «ֆաս» հրաման տա, և Ադրբեջանը այդ հրամանին ենթարկվի. «Կարծում եմ՝ Բաքվում նստած վերլուծող, քաղաքականություն իրականացնող անձինք առնվազն ականջալուր կլինեն միջազգային հանրության կոչերին, կչափեն ռիսկերը, հաշվի կառնեն, որ Ադրբեջանը ՌԴ-ն չէ, որ դիմանա արդեն իսկ օդում կախված սանկցիաներին»:

Քաղաքագետը նաև իր զորակցությունն է հայտնում Հայաստանի իշխանություններին դեպի Եվրոպա քայլելու ճանապարհին. «Ուզում եմ իմ զորակցությունը հայտնել իշխանությանը, որովհետև այս օրերին իշխանությունը ստանում է բազմաթիվ հարվածներ: Այս հարվածները հիմնականում դրսից են՝ ներհայաստանյան ընդդիմադիրների թեթև ձեռամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ