Ուկրաինայի հայերի միությունը ողջունել է ԵԽ բանաձևը

Ուկրաինայի հայերի միությունը ողջունել է ԵԽ բանաձևը՝ Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ:

Այս մասին ասվում է Ուկրաինայի հայերի միության տարածած հաղորդագրության մեջ:

«Միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը, որն ուղղված է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությանը։ Ուկրաինայի հայերի միությունը պատրաստ է խթանել Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները»,- նշված է ուղերձում։

504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ ձայներով Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով առաջարկվում է Հայաստանին Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն տալ:

Բանաձևով Եվրամիության կառույցներին կոչ է արվում աջակցել Հայաստանի հետ գործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության և այլ ոլորտներում:

Ընդգծվել է, որ Ժամանակն է նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսել:

Բանաձևով եվրապատգամավորներն աջակցություն են հայտնել Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորմանը, որը հիմնված կլինի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան սահմանների փոխադարձ ճանաչման սկզբունքի վրա:

Բանաձևում մեջբերվել է ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ The Telegraph-ին տված հարցազրույցում արած հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:

Միաժամանակ ասվում է, որ Ադրբեջանը չի կարող համարվել Եվրամիության վստահելի գործընկեր՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումները:

Բաքվին ուղղված կոչով առաջարկվել է երկխոսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, ապահովել նրանց անվտանգությունը և վերադարձի իրավունքը, ազատել Ադրբեջանում պահվող՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԽ ընդունած բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա՝ ակնկալելով արձագանքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ