ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը սառեցրել ենք. Արարատ Միրզոյան

ՀԱՊԿ-ում մենք մեր մասնակցությունը այս պահին որոշակիորեն սառեցրել ենք, պատճառն էլ հայտնի է:

Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար մինչև այս պահն անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին։

«Գիտեք՝ սա պայմանագիր է և կազմակերպություն է այն մասին, որ մասնակից պետությունները պարտավորվում են իրար փոխօգնություն տրամադրել, պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ցավոք սրտի, այն ժամանակ, երբ ՀՀ սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման և օկուպացիայի և ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին, մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեին փաստերի այն ընկալումն ու այն ձևակերպմամբ ընկալումը, որը քիչ առաջ ներկայացրեցի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա: Սա հարցեր է առաջացնում հայկական կողմում։ Եվ քանի դեռ այս հարցերի պատասխանները չունենք, մեր մասնակցությունը որոշակիորեն սառեցրել ենք»,- նշեց Արարարտ Միրզոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ