Ինչ ակնարկեց Փաշինյանը. ինչ տեղեկատվական շփոթ է և ինչու է շարունակվում «փչացած հեռախոսի» մեթոդը

Այն, որ հայաստանյան որոշ կայքերի լրահոսի «նյուզմեյքերը» Ալիևի աշխատակազմն է՝ իր նետած տեղեկատվական խայծերով, եթե կուզեք՝ «կտերով», ցավ ի սիրտ արձանագրել ենք քանիցս։ Վերջին օրերին էլ ադրբեջանական քարոզչամեքենայի նարատիվները ջերմեռանդորեն տիրաժավորող ընդդիմադիր հայտնի գործիչներին ու նրանց փոխկապակցված ԶԼՄ-ներին «հյուրասիրված» «գայթակղիչ կուտը» Տավուշի 4 գյուղերի՝ Ադրբեջանին «հանձնելու» մասին լուրն է։

Ընդհանրապես, «հանձնել» բայը ամենաշատը հոլովված բայերից է հայկական իրականության մեջ, որը առանձնակի դաժանությամբ ու ոգեղենությամբ կամ՝ ոգեղեն դաժանությամբ ավանդաբար հոլովվել ու հոլովվում է «հողեր» գոյականի կողքին։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, օրինակ, մասնավորապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ որևէ մեկը հանդգնում էր խոսել փոխզիջումների միջոցով ԼՂ խնդիրը լուծելու, այն է՝ «գրավյալ» և կամ՝ «հայկական վերահսկողության տակ գտնվող» տարածքները հանձնելու մասին, նրան նախ շշպռում էին՝ ոչ թե «գրավյալ», այլ՝ ազատագրված, «արյունով հետ վերցված», ապա ուղարկում գրողի ծոցը, ավելի ստույգ՝ «հանձնում հողին»։ Այդ թվում, ի դեպ, Կիսելյովին տված իր հայտնի հարցազրույցում նման միտք հնչեցրած Սերժ Սարգսյանին։

Հեղափոխությունից ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո էլ, ինչպես հայտնի է, և ինչպես երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նկատեց նաև վարչապետը, բոլոր հնարավոր հարթակներից, պատատակերից, խոսափողերից և ընդհուպ խոհանոցային սարքերից լսվում էր գույժը՝ «Նիկոլը եկել ա, որ հողերը հանձնի»։ Ի դեպ, նախկին իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, որի ղեկավարը տարիներ անց պիտի խոստովաներ, որ վարչապետ էր ուզում դառնալ՝ մոտեցող արհավիրքը կանխելու համար, իր նախընտրական քարոզչությունը կառուցել էր հենց այս՝ «հողերը տալու» թեզի վրա։ 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն չի խլացել «հող հանձնելու» խոսույթը, այլև էլ ավելի է սաստկացել ու ընդհուպ աննորմալ հետևողականությամբ է տիրաժավորվում, արդեն այս համատեքստում՝ «Նիկոլը մնացել ա, որ եղած հողերն էլ տա, Հայաստանը մաս-մաս հանձնի թուրքերին ու Ալիևին ու նոր գնա»։

Այս օրերին համացանցում ու հանրության շրջանում տարածվող մի ցնդաբանության անդրադառնանք. երբ շաբաթներ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց Երևանի Կոնդ թաղամասի օտարման մասին, կայքերից մեկը, զարկ տալով իր վերլուծական երևակայությանը, գրել էր. «Ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ շան գլուխը թաղված լինի Բաքվում, և շատերի մոտ ողջամիտ կասկած է առաջանում, որ Կոնդի օտարմամբ կատարվում է Ադրբեջանի հերթական պահանջը։ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է թույլ տալ, որ արցախցիները վերադառնան իրենց հայրենիք, սակայն միայն այն դեպքում, եթե Հայաստանն էլ համաձայնի ադրբեջանցիների վերադարձին։ Ուստի նման իրավիճակում չի բացառվում, որ Կոնդի վերակառուցման անվան տակ այնտեղ ադրբեջանցիներ վերաբնակեցվեն, որի դիմաց էլ Ադրբեջանը թույլատրի արցախցիների որոշ խմբերի վերադարձն իրենց հայրենիք»։ Երևանի քաղաքապետի մամուլի ծառայությունն, անշուշտ, անդրադարձավ վերլուծական մտքի այս «թռիչքին» ու պարզաբանեց՝ ինչն ինչոց է։ Սակայն, ինչպես երևում է, այս ֆեյքնյուզը մետաստազներ է տվել, որի դրսևորումներից մեկին ականատես եղանք նախօրեին։ Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկում մի խումբ բնակիչների միջև զրույց էր ծավալվում, որը մեզ ստիպեց տխուր հետևության հանգել մեր հասարակության որոշ ներկայացուցիչների մեդիագրագիտության մակարդակի մասին ու եզրակացնել՝ «փչացած հեռախոսի» էֆեկտով իրազեկվածությունը սպառնում է հիբրիդային պատերազմի թիրախ հանդիսացող ՀՀ քաղաքացիների տեղեկատվական իմունիտետին։ Ուստի պատկան մարմինները ահռելի աշխատանք ունեն այդ ուղղությամբ։ Եվ ուրեմն, քաղաքացիներից մեկը՝ 60-ն անց մի տղամարդ, պատմում էր խմբված 4-5 քաղաքացիներին, թե՝ «էն մի հոգին Ղարաբաղը տալուց հետո անցել ա Երևանին, արդեն դաժե Կոնդն ա տվել Ալիևին»։ Քաղաքացիներից մեկը, ըստ երևույթին՝ անտեղյակ, թե ինչի մասին է խոսքը, հարցրեց՝ ո՞ր Կոնդը, նկատի ունես «ղռե՞րը» (Շենգավիթի Կողբ թաղամաս)։ «Չէ՛, ասում եմ՝ Կոնդը, քաղաքիդ կենտրոնը»,- համոզված լինելով իր ասածի ճշմարտացի լինելու մեջ՝ պնդեց քաղաքացին ու փորձեց համոզել՝ «եթե արդեն ինտերնետում գրում են, ուրեմն տվել ա»։
Եթե հավատալու լինենք ԶԼՄ-ներով ու սոցցանցերով պարբերաբար տարածվող «պառաժին» (կեղծիք, անհիմն լուր), այսինքն՝ «մնացել ա, որ տա»-ին, ապա այս ընթացքում Փաշինյանը պետք է վաղուց՝ առնվազն 2021-ի նոյեմբերին ստորագրած լիներ «վերջնական կապիտուլյացիայի» մասին նոր փաստաթուղթը (նման մի փաստաթղթի «արտահոսք», ի դեպ, կազմակերպել էր հայտնի վտարանդի փեսան) և այդ թղթով պետք է արդեն տված լիներ Սյունիքն ու «միջանցքը», Տավուշի 5 (հետո՝ ևս մի քանի) գյուղերը՝ հանձն առնելով տալ նաև Ջերմուկը, Վայոց ձորն ու Սևանը:

ՀՀ քաղաքացիների շրջանում այս կեղծ համոզմունքն ամրապնդելու համար, նկատենք, ալիևյան ագիտպրոպը աշխատում է ոսկերչական ճշգրտությամբ՝ տեղի քարոզչական հոսքերի հետ սինխրոնացված ու գրեթե ամենօրյա ռեժիմով թութակում է ՀՀ տարածքների նկատմամբ իր հավակնությունների մասին։ Ընդ որում, նման հավակնություններ, ընդհուպ Երևանի ադրբեջանական լինելու մասին, Ալիևը բարբաջում է շատ վաղուց, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում էլ։ Այն ժամանակ, ի դեպ, իշխանական քարոզչամեքենան երբ հակադարձում էր Բաքվի բռնակալի տարածքային ախորժակին, ընդդիմության ու հանրության մտքով չէր անցնում կասկածել իշխող ռեժիմին «հողատվության» մեջ։ Իսկ այժմ նույն այդ նախկին իշխանությունը էքստազի մեջ է ընկնում, երբ Ադրբեջանից լսվում են տարածքային պահանջների մասին հերթական հոխորտանքները, ու գլխապատառ նետվում է թելելու Ալիևի «ասեղը»։ Սերժ Սարգսյանն, օրինակ, նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման ավարտին՝ Մյունխենի համաժողովում 2018-ի փետրվարին ունեցած ելույթում ևս անդրադարձել էր Ալիևի տարածքային պահանջներին՝ դրանք անվանելով զառանցանք։ «Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»,- մասնավորապես նշել էր նախկին նախագահը։

Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ էլ, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի հանձնման մասին խոսակցություններին՝ նշեց. «Եկեք մի պահ մի կողմ թողնենք Ադրբեջանին և մեր ելակետից հանդես գանք, որովհետև ասվում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է գյուղեր հանձնել Ադրբեջանին: Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին: Երբ ադրբեջանական մամուլում բարձրացվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում՝ ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո»,- շեշտեց Կառավարության ղեկավարը՝ հավելելով՝ պետք է ելնել դե յուրե իրողությունից. այն, ինչ Հայաստան է՝ Հայաստան է, այն, ինչ Ադրբեջան է՝ Ադրբեջան է:

Վարչապետի այս հավաստիացումը, ինչպես այսօր պարզ դարձավ, չգոհացրեց որոշ շահագրգիռ սուբյեկտների լսողական ապարատին, տեղեկատվական հոսքերն ապահովողներին պետք էր ստուգում իրականացնել՝ չորս գյուղերի մասին հարցը հղելով նաև պաշտպանության նախարարին և փոխնախարարին, թե՝ Տավուշի չորս գյուղերից զորքերը հետ քաշելու հրաման ունե՞ք։ Նախարարն ու փոխնախարարն էլ ի պատասխան հղում արեցին վարչապետի՝ երեկ ասուլիսում արած վերոհիշյալ հայտարարությանը։ Իր հերթին անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանն էլ չորս գյուղերի դիմաց շարունակելո՞ւ է պահանջել 31 գյուղերը Ադրբեջանից, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, խոսքը նրա մասին է, որ սահմանազատման հանձնաժողովը ինչ-որ հատվածից կսկսի ու սահմանի ողջ երկայնքով կաշխատի։ Դա հանձնաժողովի աշխատանքի մի մասն է»։

Հ. Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ