19-ամյա երիտասարդը 14-ամյա տղայի միջոցով փորձել էր կեղծ թղթադրամներ իրացնել

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Վանաձորի Պարույր Սևակի փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդը տանը կեղծ 20 հազար դրամանոցներ է տպել և իրացնելու նպատակով տվել 14-ամյա մի տղայի, որը երկու հասակակիցների հետ փորձել է դրանք իրացնել:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 11-ին 14-ամյա տղան ծնողի հետ հրավիրվել է Բազումի բաժին:

19-ամյա երիտասարդը և երեք պատանիները ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Քրեական հետախույզները պարզել են, որ կեղծ փողով առևտուր հաջողվել է անել Ուսանողական փողոցի շինանյութի խանութից. գնել են 1500 դրամ արժողությամբ երեք դանակ և վերցրել 20 հազարի մանրը:

Պատանիները կեղծ թղթադրամով փորձել են գնումներ կատարել նաև Աղայան փողոցի մթերային խանութից, սակայն վաճառողը 20 հազար դրամի մանր չի ունեցել: Իսկ երբ փորձել են գնումներ կատարել այլ խանութներից, վաճառողները, նկատելով թղթադրամի կեղծ լինելը, նրանց դուրս են արել:

14-ամյա տղան, վախենալով, որ կբռնվի, պատռել և նետել է թղթադրամը: Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն:

Ոստիկանությունը հորդորում է զգույշ լինել կանխիկ առևտուր անելիս, իսկ կեղծ դրամ նկատելիս դիմել իրավապահներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ