Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չկան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երևանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում, սակայն կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջությամբ, բոլոր ընթացակարգերը պահպանվում են «ՀԱՊԿ» կարգավորող դաշտին ամբողջությամբ համապատասխան»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Նա հավելել է, որ քարտուղարությունն ամեն օր տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունված և ընդունվելիք որոշումների մասին։

«ՀՀ պաշտոնյաների նշված հայտարարությունների վերաբերյալ նշում եմ, որ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու մասին»,-նշել է գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ կազմակերպությունը չի կատարել հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները 2021-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան շարունակում է կապերը Երևանի հետ՝ պարզաբանելու Փաշինյանի հայտարարությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ