Վեճ, փոխադարձ հարվածներ և սպանություն Արագածոտնի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ

Այսօր՝ մարտի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանած քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ մահացածը Օշական գյուղի բնակիչ 43-ամյա Նորիկ Բաքոյանն է։

Ոստիկանները պարզել են նաեւ, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Օշական գյուղի բնակիչ, 25-ամյա Միրզա Խալոյանի կողմից օգտագործվող անասնագոմի հարակից տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Օշական գյուղի բնակիչներ 43-ամյա Նորիկ Բաքոյանի, նրա որդի, 19-ամյա Սուրիկ Բաքոյանի, մյուս կողմից Օշական գյուղի բնակիչ, 25-ամյա Միրզա Խալոյանի, վերջինիս մոտ հովիվ աշխատող, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Սուրիկ Ուսոյանի միջեւ։

Այդ ժամանակ էլ Ն. եւ Ս. Բաքոյանները քարերով և փայտով հարվածել են Ս. Ուսոյանին, որից հետո էլ Մ. Խալոյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ն. Բաքոյանի մարմի տարբեր մասերին, ով ստացած վնասվածքների պատճառով մահացել է։

Իրավապահները կասկածյալ Մ. Խալոյանին հայտնաբերել ու տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ՝ ներկայացրել Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ