Սիրում եմ Աստվածաշունչ կարդալ, մրցումներից առաջ աղոթում եմ. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան

«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է հարցազրույց ծանրամարտի առաջնությունում երկամարտի 320 կգ արդյունքով երկրորդ անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձած Գոռ Սահակյանի հետ:

Ինչպես սկսվեց

Մեծ եղբայրս է զբաղվել ծանրամարտով, նրան տեսնելով՝ ոգեշնչվել եմ: 9 տարեկանից եմ սկսել: Մտերիմներս դեմ են եղել, սակայն սիրել եմ ու գնացել: Քիչ-քիչ նկատել են, որ իմ մեջ կա հեռանկար:

Սպորտում ամենակարևորը կարգապահությունն է

Պետք է լսես մարզչիդ, ծնողի խոսքի պես ընդունել նրա խոսքը: Նրանք մեր կյանքում շատ մեծ դեր ունեն: Ես ունեմ նման մարզիչներ, անձնական մարզիչս՝ Մհեր Պողոսյանը, ինձ շատ է օգնում:

Հաղթանակների հետևում հսկայական աշխատանք կա

Հաղթանակներից հետո պարտադիր հիշում 2-3 ամիսների ծանր պարապմունքները: 2-3 ամիս մարզվում ենք այդ 6 րոպեի՝ 6 մոտեցման համար:

Սպորտում պետք է խելացի լինես

Մարզիչս ասում է՝ որքան էլ ուժեղ ես, սպորտում պետք է առաջինը խելացի լինես, նաև հոգեբանորեն պետք է ուժեղ լինես, որովհետև դու կարող ես քո մրցակցին հոգեբանորեն այնպես հաղթել, որ, անկախ ուժից, նա չկարողանա բարձրացնել իր առջև դրված ծանրությունը:

Չպետք է քեզ գերագնահատես

Ես ամեն մրցույթի մասնակցելիս բոլոր մասնակիցներին մի «արշինով եմ չափում»: Ինձ համար բոլորը նույնն են, իմ մրցակիցներն են: Գնում են ինքս ինձ հետ մրցելու, իմ ծանրաձողի, իմ կիլոգրամների հետ:

Պարտությունն ավելի շատ է մոտիվացնում

Անցյալ տարի Երևանում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնությունից հետո մասնակցել եմ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանն ու գրավել երկրորդ տեղը: Դրանից հետո աշխարհի առաջնությունն էր, որոշվել էի, որ չեմ մասնակցի, սակայն վերջին վայրկյանին մասնակցեցի ու կրկին 2-րդ տեղը գրավեցի, դրանից հետո ավելի շատ եմ սկսել մարզվել, ավելի մեծ եռանդով: Այնուհետև առաջին անգամ աշխարհի մրցաշարերին մասնակցեցի ու գրավեցի 3-րդ տեղը, որն ինձ համար ոսկու կարևորություն ուներ, որովհետև մասնակցում էի օլիմպիական մեդալակիրների, աշխարհի չեմպիոնների, այն մարդկանց հետ, ում սիրել ու երկրպագել եմ դեռևս երեխա ժամանակ: Շատ գեղեցիկ զգացողություններ եմ ունեցել՝ հիշելով մանկական տպավորություններս ու տեսնելով այն փաստը, որ նրանց հետ եմ մրցում:

Առանց հավատի ոչինչ չի կարող լինել

Սիրում եմ Աստվածաշունչ կարդալ, մրցումներիցս երկու ժամ առաջ աղոթում եմ, հանգստություն եմ գտնում Սաղմոսներ կարդալիս:

Չեմ կարող ասել՝ չլիներ ծանրամարտը՝ ով կլիներ Գոռը

Ինքս ինձ միշտ այդ հարցը տալիս եմ, չեմ գտնում պատասխանը: Ես ապրում եմ սպորտով, ծանրամարտով, սիրով եմ մոտենում իմ գործին ու պայքարելու եմ ավելի մեծ տիտղոսների և մեդալների համար:

Օլիմպիական խաղերին չեմ մասնակցելու

Իմ քաշային կարգը օլիմպիական կարգ չէ, պետք է մինչ այդ քաշային կարգ փոխեմ: Ավելի լրջորեն կպատրաստվեմ 2028 թվականին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ