«Հոկտեմբերի 27»-ը և «Մարտի 1»-ը չէին կարող կատարվել առանց դրսի օժանդակության. Անի Խաչատրյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի խոսքով՝ «Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի իրադարձությունները Հայաստանի Հանրապետության ամենաամոթալի էջերն են:

Ըստ նրա՝ այս իրադարձությունների հետևանքով առաջացած վերքերը չեն սպիանում՝ սպասելով վերջնական պատասխանի, որը մինչ այսօր չկա:

Խաչատրյանը կարծում է, որ «Մարտի 1»-ը «Հոկտեմբերի 27»-ի և 2004 թվականի ապրիլի 12-ի շարունակություն էր, որը, ըստ նրա, չունեցավ իր իրավական պատասխանը և չէր էլ կարող ունենալ, քանի որ նույն իշխանության ժամանակահատվածում է կատարվել:

Միաժամանակ Խաչատրյանը համոզմունք է արտահայտում, որ այս ամենը չէր կարող կատարվել առանց դրսի ուղղորդման կամ օժանդակության: Նա կարծում է, որ այդ ուղղորդումներն այսօր էլ կան:

«Պարզապես այն ուժերը, որոնց դրսից ուղղորդում են, այնքան բարոյազրկված են, մերժված ՀՀ քաղաքացիներից, որ ոչինչ չի հաջողվում: Փորձում են ուրիշ դեմքեր բերել ասպարեզ, սակայն այնքան անտաղանդ են, որ իրենց բերած ցանկացած դեմք անմիջապես բացահայտվում է: Վստահ եմ՝ տապալվելու են բոլոր այն փորձերը, որոնց մեջ կա այդ տարիների իշխանություններից որևէ մատնահետք, որևէ հետք, որևէ ստորակետ»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ այսքան տարիների անպատժելիությունը ռիսկեր չի՞ ստեղծում, որ նման դեպքերը կարող են կրկնվել, Խաչատրյանը դրական է արձագանքում՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ամեն ինչ ավարտված չէ. «Ես լավատեսությամբ եմ լցված, ուզում եմ հավատալ, որ թե՛ «Մարտի 1»-ը, թե՛ «Հոկտեմբերի 27»-ը մի օր բացահայտվելու են: Ժողովրդի աշխարհաքաղաքական ընկալումները տանում են նրան, որ դրանց բացահայտումները շատ մոտ են»:

«Հանրապետություն» խմբակցության անդամը համոզմունք է հայտնում, որ այլևս երբեք Հայաստանում բռնությամբ իշխանություն որևէ մեկը չի ստանձնելու:

«Այն քաղաքացիները, որոնք եթե անգամ չեն ընդունում թե՛ գործող իշխանությանը, թե՛ ապագայի իշխանություններին, սակայն այն պահին, երբ զգան, որ Հայաստանում կա ծրագիր բռնի որևիցե գործողության, պետք է հենց իրենք տապալեն դա»,- նկատում է նա:

Հերմինե Կարապետյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ