Հանգուցյալներին «օգնության կանչող» մանիպուլյատորը. ԱԺ ՊՈՒ խմբակցության ղեկավարը թող հարցնի իր քավորին՝ միջոցներ ձեռնարկե՞լ է Հոկտեմբերի 27-ը կանխելու համար

Սերժ Սարգսյանի սանիկ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով լրագրողների տարաբնույթ հարցերին, աչքի էր ընկնում հակասական վարքով՝ մերթ լայնաբերան ժպտում էր ու ծիծաղկոտ տոնով պատասխանում «իր սիրելի» թեմայով տրված հարցերին, մերթ էլ ընդունում էր դեմքի թունոտ արտահայտություն՝ որոշ նախադասություններ արտաբերելով իրեն հատուկ և Ստանիսլավսկու գնահատանքին արժանի արտիստիկ ոճում։ ՌԴ-ից՝ «Եդինայա Ռոսիա»-ի կազմակերպած հավաքից օրերս վերադարձած պարոն Մամիջանյանը գուցե ճեպազրույցից առաջ խթանիչ միջոց էր օգտագործել, ինչի հետևանքով ընդդիմադիր պատգամավորը անհարմար դրության մեջ հայտնվեց որոշ հարցերի պատասխանելիս։ Ինչևէ։

Պատասխանելով մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին հարցին՝ թե արդյոք այդ հարցն անհանգստացնո՞ւմ է իրեն, Մամիջանյանը հայտնվեց հանկարծակի բերվածի իրավիճակում. մոտավորապես այնպիսի, երբ, ասենք, դեմ հանդիման ես դուրս գալիս (սպիտակ) արջին ու պետք է գերարագ կողմնորոշվես, թե ի՞նչ անել՝ չշարժվե՞լ, դիմել փախուստի՞, թե՞ ճչալ, բղավել ու օգնության կանչել։ Պարոն Մամիջանյանը քանի որ չէր կարող առաջին հնարքը կիրառել՝ չշարժվել, իր կարգավիճակի դեպքում՝ չխոսել, չպատասխանել տրված հարցին, ուստի որոշեց կիրառել երկրորդ և երրորդ հնարքները՝ միաժամանակ «փախուստի դիմելով» ու «օգնության կանչելով»։ Նախ՝ փախուստի հնարքի մասին. «Ինչ վերաբերում «Զվարթնոց»-ին՝ ինձ հետաքրքիր ա՝ երկար ա՞ էդ բացահայտումները շարունակվելու ՔՊ-ում, քնում, զարթնում են, բաներ են իմանում մեր երկրի մասին։ Ամենահանճարեղը կայանում ա նրանում, որ երբ որ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահին և ֆրակցիայի ղեկավարին հարցնում են՝ բա լավ, դրա պայմանագրային հիմքը ո՞րն ա, ասում ա՝ չգիտեմ (ստում է, նման արտահայտություն ՔՊ-ի ներկայացուցիչները՝ Արթուր Հովհաննիսյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն արել-խմբ.)։ Ներքին Հանդից ինչ կա, դրա պայմանագրային հի՞մքը որն ա։ Չգիտեմ (Մամիջանյանը դարձյալ ստում է, նման բան ՔՊ-ի ներկայացուցիչները չեն ասել-խմբ.)։ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելի, որովհետև հայրենասեր էր, սպարապետ Վազգեն Սարգսյանը մի խոսք ունի՝ որբի գլուխի հետ կապված։ Այ սրանց օրոք այ դա, ցավոք, իրականություն ա դարձել»։ Վազգեն Սարգսյանի անվան հոլովումը այս համատեքստում, անշուշտ, «օգնության աղաղակի» հնարքն էր, որին դիմելուց հետո էլ Մամիջանյանը չազատվեց «արջից» ու ստիպված եղավ նորից դեմ հանդիման դուրս գալ նրան։ Լրագրողի՝ դուք այդպես էլ չպատասխանեցիք իմ հարցին՝ ձեզ անհանգստացնո՞ւմ է, որ Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահներ կան, թե՞ ոչ՝ Մամիջանյանը ստիպված եղավ ուղիղ պատախասնել. «(խնդմնդալով-խմբ.) Ի տարբերություն իրանց՝ ես հասկանում եմ, թե դա ինչ իրավապայմանագրային հիման վրա ա։ Եվ ես դրան չեմ դիտարկում որպես որևէ ինքնիշխան աղերս կամ կասկած։ Դա ՀԱՊԿ արտաքին սահման ա, Եվրասիականի արտաքին սահման ա, և դրանով ա պայմանավորված նրանց ներկայությունը։ Ես իրավաբան չեմ, բայց կարծում եմ, որ դրանով ա պայմանավորված դա։ Էնպես որ, ինձ ավելի շատ անհանգստացնում ա ադրբեջանցիների առկայությունը Ջերմուկից մի կիլոմետր էն կողմ, …ինձ անհանգստանցում ա կյանքիս մեջ լսած ամենավատ ձայնը՝ էդ դրոշների ճողփյունի ձայնը։ Ինձ դա ա անհանգստացնում, այլ ոչ թե այն, ինչ իրանք մի քանի օր առաջ հայտնաբերել են ու փորձել են սարքել հերթական զզվելի մանիպուլյացիաների մանրադրամ։ Երկիրը պատերազմի վտանգի տակ ա, իրանք տուն-տունիկ են խաղում»։
Ինչ խոսք, Մամիջանյանը քաղաքական մանիպուլյատոր է (զզվելի, թե ոչ՝ թողնում ենք ընթերցողների ճաշակին), սակայն ինչպես երևում է՝ ծայրահեղ անտաղանդ, այն աստիճան, որ ընդհուպ ի վիճակի է շահարկել սրբություններն ու հանգուցյալներին՝ Վազգեն Սարգսյանին ու «Եռաբլուր»-ը՝ անցանկալի հարցի տակից դուրս գալու համար։ Փաստորեն, նա իր խոսքի առաջին մասի ենթատեքստում հաստատեց, որ ռուս սահմանապահները ապօրինի են գտնվում մեր երկրի օդանավակայանում, քանի որ այս իշխանությունը երկիրը դարձրել է «որբի գլուխ»՝ «ով ինչպես կարողանում է՝ խուզում է», ապա խոսքի երկրորդ մասում կտրուկ փոխեց դիրքորոշումն ու հերքեց ինքն իրեն՝ նշելով, թե ի տարբերություն ՔՊ-ականների, ինքը գիտի, թե ինչ իրավապայմանագրային բազայի հիման վրա են ռուս սահմանապահները կանգնած «Զվարթնոց»-ում։ Փաստորեն, նրա խոսքից հետևում է, որ եթե կա իրավապայմանագրային հիմք, ուրեմն սահմանապահների տեղակայումը օրինական է, իսկ եթե այդպես է, ուրեմն այսպիսով հօդս է ցնդում այս իշխանությունների՝ «երկիրը որբի գլուխ սարքելու» մասին Մամիջանյանի թեզը։ (Նկատենք, որ ընդդիմադիր պատգամավորը ՀՀ օդանավակայանի տարածքը ընդհուպ համարում է ՀԱՊԿ, ԵԱՏՄ «արտաքին սահման»)։ Խոսքի հաջորդ հատվածում արդեն, կասկածելով իր իսկ խոսքին՝ իմացածին, Մամիջանյանը որոշեց ապահովագրել իրեն «սխալ դուրս գալուց»՝ արդարանալով՝ «ես իրավաբան չեմ»։

Համոզված ենք, որ ճեպազրույցից հետո ոչ իրավաբան Մամիջանյանը «Գուգլ»-ում փորձելու է փնտրել իր իմացած, բայց այնքան էլ լավ չիմացած «իրավապայմանագրային հիմքը»։ Արդ, օգնենք նրան տեղեկանալու հարցում. 1992-ին ՀՀ-ն և ՌԴ-ն ստորագրել են «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և նրանց կենսագործունեության մասին» պայմանագիրը։ Ըստ պայմանագրի երկրորդ կետի՝ ՀՀ-ն ի շահ իր, ՌԴ և ԱՊՀ երկրների անվտանգության՝ իր տարածքում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պահպանությունը լիազորել է ՌԴ սահմանապահ զորքերին։ ՌԴ սահմանապահների՝ «Զվարթնոց»-ում տեղակայվելու մասին, ահա, երկկողմ պայմանագրում որևէ հիշատակում չկա։ ՀՀ ԱԱԾ-ն հստակեցնում է՝ պայմանագիրը ստորագրելու պահին՝ 1992-ի սեպտեմբերին, ռուս սահմանապահներն արդեն իսկ տեղաբաշխված են եղել «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ միջպետական պայմանագրի 4-րդ հոդվածում նշվում է, որ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կազմակերպական-հաստիքային կառուցվածքը պայմանագրի ստորագրման պահին, նրանց տեղաբաշխման վայրերը պահպանվում են մինչև ՀՀ և ՌԴ միջև հատուկ համաձայնագրերի կնքումը, ինչպիսիք մինչ օրս, որքան մեզ է հայտնի, չեն կնքվել:

Երկու խոսք էլ Վազգեն Սարգսյանի մասին, որին, ըստ Մամիջանյանի, Նիկոլ Փաշինյանն «ատում է»։ ՀՀԿ-ական գործիչը 9 տարեկան էր, բայց երևի թե կհիշի, թե ե՞րբ ու ի՞նչ պայմաններում իր մահկանացուն կնքեց Վազգեն Սարգսյանը։ Թե ովքեր էին ատում Վ. Սարգսյանին, որ նրան քաղաքական ասպարզից հեռացրին «Հոկտեմբերի 27» կազմակերպելու և գնդակահարելու միջոցով, հուզում է ողջ հայ ժողովրդին, և հուսանք, որ այս հարցին պատասխան կտա քննությունը՝ այս գործից անջատված և կարճված մասը 2019-ին ուղարկվել է նոր քննության։ Ի դեպ, «Հոկտեմբերի 27»-ին ՀՀ Ազգային անվտանգության նախարարը Սերժ Սարգսյանն էր և այդ օրը բացակայում էր երկրից։ Հարց է ծագում՝ արդյոք նա բավարար միջոցներ ձեռնարկե՞լ է ՀՀ Ազգային ժողովի և այնտեղ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու համար: Այս հարցը, որպես իսկական հայրենասեր, Մամիջանյանը կարող է մեր անունից հասցեագրել իր կուսղեկին։

Հ. Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ