Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում արևմտյան հարթակում բանակցությունները

Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում Հայաստան-Ադրբեջան ցանկացած բանակցություն, սակայն կարծում է, որ արևմուտքի միջնորդությամբ վերջերս կայացած բանակցություններից գլոբալ արդյունքներ պետք չէ ակնկալել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիայի միջնորդությունը կարո՞ղ է արդյունավետ լինել:

«Ընդհանուր առմամբ ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները»,-ասաց Օհանյանը՝ կարևորելով ցանկացած շփում:

Վերջերս Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքից ընդդիմադիր խմբակցության ղեկավարը գոհ չէ: «Պայմանավորվել են արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները: Պարզ չէ, թե որոնք են սկզբունքներն ու հարցերի հերթականությունը»,-նշեց պատգամավորը:

Նա նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից անընդհատ պնդում են, թե միջնորդ պետք չէ՝ այդպիսով փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, մյուս կողմից էլ շատ խորամանկ կերպով օգտագործում են թե արևմտյան, թե հետխորհրդային հարթակը, որ իրենց շահերն առաջ տանեն:

«Կարծում եմ, որ իհարկե, արևմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ: Բայց որևիցե երկիր այստեղ տեղում մեզ աջակցելու այնքան մեծ հնարավորություններ չունի՝ բացի դիտորդական առաքելությունից: Այս բանակցություններից գլոբալ առումով արդյունքներ ակնկալելը, գտնում եմ, որ այնքան էլ հուսադրող չէ»,-եզրափակեց Օհանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ