Բարոյախրատական ապտակնե՞ր Ալիևին, թե՞ ԵՄ-ն խոսքից գործի կանցնի՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառելով «մտրակի գործիքը». Ի՞նչ ուղերձ ունեն ԵԽ զեկույցները

Տարին բարեհաջող չի սկսվել ավտորիտար Ադրբեջանի և ժողովրդավար Եվրոպայի միջև հարաբերությունների առումով, և Հարավային Կովկասի կայունությունը խաթարող Ալիևը հերթական «պրոֆիլակտիկ ապտակն» է ստացել եվրոպացի գործընկերներից։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, քանի որ Բաքուն եվրոպական նշված կառույցի ներկայացուցիչներին չէր հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնելու փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում։ Բացի դրանից՝ Ադրբեջանը մեղադրվել է նաև ընդդիմությանը հալածելու և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները ոտնահարելու համար: Եվրոպական կառույցի այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այս ընթացքում կարող է վերադառնալ կառույց միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ ԵԽԽՎ-ի կողմից Ալիևի վարչակազմի երեսին շրխկացված «դուռը», բնականաբար, չէր կարող անպատասխան մնալ՝ Ադրբեջանը հայտարարեց, թե դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը՝ ի պատասխան ԵԽԽՎ վերոհիշյալ որոշման։ Երեկ էլ միջազգային իրավունքը արհամարհող Ալիևը հերթական դեմարշն է արել ընդդեմ ԵԽ-ի՝ հայտարարելով՝ Ադրբեջանը կարող է լրջորեն դիտարկել Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը, եթե մեկ տարվա ընթացքում չվերականգնվեն ԵԽԽՎ-ում իր պատվիրակության իրավունքները։ Եվ մինչ Ալիևը շանտաժ էր անում միջազգային հեղինակավոր կառույցին, այդ ընթացքում նրա մյուս՝ Եվրոպական խորհրդարանի գործընկերները շարունակում էին Բաքվի բռնակալին ուղղված սթափեցնող ապտակների տեղատարափը։

Մասնավորապես Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան, ելույթ ունենալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում, դիմեց իր գործընկերներին. «2022 թվականին ադրբեջանական գազի ներկրումը Եվրոպա հազիվ աճել է մինչև 3 տոկոս: Պայմանագրով անցյալ տարի Բաքուն վաստակել է 15,6 միլիարդ դոլար: Ադրբեջանն իր նավթի 65 տոկոսն ուղարկում է նաև եվրոպական երկրներ, սակայն մեր էներգետիկ կարիքների շրջանակներում դրանք գտնվում են մյուսների կատեգորիայի տակ։ Մենք ոչ մի բանով կախված չենք Ադրբեջանից իրականացվող ներմուծումներից: Այս գործարքից շահում է միայն Ալիևը»: Չեխ պատգամավորն այնուհետ հավելել է. «Էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար հայ բռնի տեղահանվեց, նրանք տառապանք կրեցին Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած շրջափակումից: Նույնիսկ դասական երկընտրանք չկա մեր սեփական բարգավաճման կայունության և մարդու իրավունքների միջև: Խնդրում եմ ձեզ փոխանցել հարցադրումը պարոն Բորելին (Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ-խմբ.), թե ի՛նչ է անելու Հայաստանին օգնելու համար և կհամոզի՞ արդյոք հանձնաժողովի իր գործընկերներին նվազեցնել գազի և նավթի մատակարարումն Ադրբեջանից՝ մեր ձեռքերն ազատելու համար»։

Կոշտ էին նաև Եվրոպական խորհրդարանի այլ պատգամավորների ելույթները, մասնավորապես իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն նշեց. «Ռազմական ուժը, ինչպիսին Ադրբեջանն է, ագրեսիվ է մի պետության նկատմամբ, որը խիզախորեն փորձում է մտնել եվրոպական ժողովրդավարական ճամբար: Մենք չենք կարող թույլ տալ, որ զենքի ուժը գերիշխի: Բաքուն պետք է հասկանա, որ մենք չենք հանդուրժի բռնություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ: Մենք շատ կոշտ կլինենք նրանց նկատմամբ»:
Եվրոպական խորհրդարանն այնուհետ ընդունել է երկու զեկույց, որոնցում Ադրբեջանի հասցեին գործածված դիվանագիտական կոշտ բառապաշարը, «պատժիչ տոնայնությունն» ու ՀՀ հասցեին հնչած գովեստի խոսքերն ու աջակցությունը պետք է որ վերջապես սթափեցնեն Ալիևի հղփացած ռեժիմին։

Այդ զեկույցներից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է արվում մասնավորապես.
1. Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը:

2. Պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում»:

«Իրավիճակի վերաբերյալ խորհրդարանի բազմաթիվ նախազգուշացումները չեն հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության որևէ փոփոխության»,- ընդգծվում է զեկույցում՝ պնդելով՝ «Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի նրանով, որ երկիրն էական առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հարցում»։

Զեկույցներում կոչ է արվում մասնավորապես ԵՄ-ին և նրա անդամ պետություններին ուժեղացնել EUMA-ի (ԵՄ քաղաքացիական առաքելություն) մանդատը, մեծացնել դրա չափը, երկարացնել դրա տևողությունը և նաև դիտորդներ տեղադրել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով։ Կոչ է արվում Ադրբեջանին թույլ տալ EUMA-ի ներկայությունը սահմանի իր կողմում և Լեռնային Ղարաբաղում։ Խստագույնս դատապարտվում է «Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի և տարածաշրջանում մնացած մարդկանց դեմ»։ Կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ամուր երաշխիքներ տալ նրանց իրավունքների պաշտպանության հարցում։

Ուշագրավ է նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտման մասին հիշատակումը, ինչպես նաև այն պարտավորությունների, որոնք Ադրբեջանը ստանձնել էր ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում։ Հատկանշական է նաև զեկույցներում առկա մի շատ կարևոր ձևակերպում՝ ԼՂ-ում տեղի ունեցածին տրված «էթնիկ զտում» գնահատականը։ Սա, թերևս, ի գիտություն կընդունի ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը, հիշեցնենք, շաբաթներ առաջ կասկածի տակ էր դրել ԼՂ-ում էթնիկ զտման փաստը՝ ցինիկաբար ազդարարելով. «Կցանկանայի ինչ-որ փաստերի ներկայացում, եթե կա միջազգային կազմակերպության գոնե ինչ-որ փաստաթուղթ, որը Երևանը համարում է հեղինակավոր։ Օրինակ՝ ՄԱԿ-ի կամ մեկ այլ կազմակերպության։ Եթե կա հայտարարություն, որը կվկայի, որ նման «էթնիկ զտումներ» են տեղի ունեցել, բարի եղեք՝ մեզ տրամադրեք այդ փաստաթղթի հղումները»։

Աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին, «որոնք լրջորեն խոչընդոտվել են Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ռազմական գործողության և դե ֆակտո էթնիկ զտումների պատճառով»՝ զեկույցի հեղինակները ընդգծել են՝ «արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղությունը, որը պահպանում է երկու երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, հարևանության կայունության նախապայմանն է»։

Հ.Գ. Հարկ է նկատել, որ Եվրոպական խորհրդարանի կողմից արված այս արձանագրումները, փաստագրումները նորություն չեն։ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ, հիշեցնենք, 2023 թ. հոկտեմբերին ընդունվեց «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերանայման ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին» բանաձևը:

Փաստաթղթում, որին միացել էր 491 պատգամավոր, այն ժամանակ ևս ընդգծվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը եղել է «անհիմն և նախապես պլանավորված»։ Խորհրդարանականները ԼՂ-ից հայերի զանգվածային դուրս գալն այդ փաստաթղթում էլ էին անվանել էթնիկ զտում։ Եվրոպական խորհրդարանը դեռևս հոկտեմբերին՝ իր այս բանաձևոով, կոչ էր արել ամբողջությամբ վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը։

Խորհրդարանի պատգամավորները Եվրոպական հանձնաժողովից պահանջել էին շտապ վերանայել էներգետիկայի ոլորտում Բաքվի հետ ռազմավարական գործընկերությունը՝ Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու համար: Մասնավորապես, եվրոպացի պատգամավորներն առաջարկում են Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կամ հիբրիդային հարձակումների դեպքում նվազեցնել ադրբեջանական գազի և նավթի ներկրումից կախվածությունը ու ամբողջությամբ հրաժարվել այդ մատակարարումներից։ Բացի վերը նշված միջոցառումներից, խորհրդարանականները կոչ էին արել ԵՄ-ին և անդամ երկրներին անհատական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անդամների նկատմամբ, որոնք պատասխանատու են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար:

Երեկ արդեն նույնաբովանդակ վերոնշյալ զեկույցներից հետո, հուսանք, ԵՄ-ն խոսքից կանցնի գործի՝ Ադրբեջանի նկատմամբ վերջապես «մտրակի» գործիքը կիրառելու առումով, այլապես նման զեկույցները ՀՀ-ի համար կդառնան հերթական «թղթից շերեփը»՝ մեր երկրին բերելով ոչ թե առարկայական աջակցություն, այլ հերթական բարոյական «եվրահաղթանակը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ