ԼՂ-ի բռնի տեղահանվածների վերադարձի ադրբեջանական «ամուր երաշխիքները» խիստ անվստահելի են. Գարդման-Շիրվան-Նախիջևանը՝ ԵԽ-ին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Եվրախորհրդարանի զեկույցներին

«Եվրախորհրդարանը ընդունել է արտաքին քաղաքականության և անվտանգության ու պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց, որոնք շոշափում են նաև Լեռնային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի հայության հիմնախնդիրը։ Նախ զեկույցները խստորեն դատապարտում են նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։

Զեկույցներում արձանագրվել է նաև, որ Ադրբեջանը խախտել է միջազգային և մարդու իրավունքները, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի
հրադադարի եռակողմ հայտարարությամբ և ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում ստանձնած պարտավորությունները։

Զեկույցում նաև արդարացիորեն արձանագրվել է, որ ուժի կիրառմամբ և հարևան երկրների տարածքային ամբողջականության խախտմամբ նպատակներին հասնելու ցանկացած ջանք պետք է արժանանա ԵՄ-ի և միջազգային հանրության վճռական արձագանքին։ Սա այն է, ինչի մասին մենք արդեն երկար ժամանակ աղաղակում ենք, քանի որ անցած երեսնամյակի պատմական իրադարձությունները քանիցս փաստել են, որ անարձագանք մնացած կամ անբավարար և անհետևանք ուշադրությունը միայն նորանոր հանցագործությունների պատճառ է դառնում։

Զեկույցում հստակորեն մատնանշված է, որ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների խորացումը կախված է միայն ու միայն այդ երկրում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների ապահովումից և ժողովրդավարության զարգացումից։

Մեզ համար ամենաէականը, սակայն, այն է, որ զեկույցները կոչ են Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ ամուր երաշխիքների ներքո։ Չափազանց արժեքավոր է Եվրախորհրդարանի կողմից նման հայտարարությունը, սակայն Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչության վերադարձի համար ադրբեջանական «ամուր երաշխիքները» խիստ անվստահելի են։

Ադրբեջանական «ամուր երաշխիքները» ենթադրում են ճիշտ այնպիսի հումանիտար ճգնաժամ, ինչպիսին հարուցել էր ադրբեջանական վարչակարգը 2022-2023 թթ․, ենթադրում է կյանքի նկատմամբ սպառնալիք, անազատության, էթնիկ և կրոնական խտրականության անընդհատ դրսևորումներ։ Վերջին ամսիների ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ էթնիկ հայությանը բռնագաղթի ենթարկելուց հետո ադրբեջանական ռազմատենչ և ագրեսիվ հռետորաբանությունը ոչ միայն չի թուլացել, այլ շարունակում է նոր գագաթներ նվաճել հայության դեմ հանցանքներ կատարածների հերոսացման, Լեռնային
Ղարաբաղի ազգային-մշակութային ժառանգության ոչնչացման և այլ դրսևորումներում։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը իհարկե ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևերը։ Սակայն որքան էլ, որ դրանք մեզ համար լինեն ընդունելի, այնուհանդերձ անհրաժեշտ է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի միջազգային երաշխիքների հարցը և դրան ածանցել նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանի բռնագաղթած մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների հիմնախնդիրը։

Ուստի մենք կոչ ենք անում Եվրախորհրդարանին ուշադրություն դարձնել վերոնշյալին և խնդրին մոտենալ համակողմանիորեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանն ընդունել է 2 բանաձև, որոնցում Եվրամիությանը կոչ է արել անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ