Մենք պետք է համոզենք Բաքվին և Մոսկվային հարգել հայ ժողովրդի որդեգրած ժողովրդավարությունը. Լուազո

Հայաստանի ժողովուրդը ցանկանում է խաղաղ ապրել իր հարևանների հետ: Երկրի ղեկավարությունը ահազանգում է, որ երկիրը վտանգի տակ է:

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն՝ Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդման քննարկման ժամանակ:

Նա նշել է, որ Ադրբեջանը հայաթափել է Լեռնային Ղարաբաղը, գրավել է Հայաստանի տարածքի մի մասը, Բաքուն շարունակ նոր պահանջներ է ներկայացնում, իսկ Ռուսաստանը լքել է Հայաստանին:

«Ես վերադարձել եմ Հայաստանից և հպարտ եմ հանուն այդ երկրի Ֆրանսիայի քայլերից: Այն օգնում է Հայաստանին պաշտպանության ոլորտում՝ իրականացնելով վարժանքներ, տալով խորհուրդներ և ապահովելով ռազմական սարքավորումներով: Ֆրանսիան իր աջակցությունն է առաջարկում Հայաստանին՝ կանխելու հետագա հարձակումներն այդ հանրապետության վրա և վերականգնելու ուժային հավասարակշռությունը:

Եվրոպական մյուս պետություններն էլ պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին և գործեն արագ, որպեսզի խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում: Միայն բանակցություններում ներգրավվածությունը բավարար չէ, դրանք ընթանում են, չնայած դանդաղ, մենք պետք է համոզենք Բաքվին և Մոսկվային հարգել հայ ժողովրդի որդեգրած ժողովրդավարությունը»,- ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ