Ես իր սեփական տո՞ւնն եմ քանդում, տարիներ շարունակ զավթել են կանաչապատ տարածքը․ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար

Համայնքի բնակիչները չեն կարող գալ ու այստեղ ապրել, նրանք բազմիցս եկել են ինձ մոտ և խնդրել, որ տարածքը սեփականաշնորհվի, ես ասել եմ, որ սեփականաշնորհելու տարբերակ չկա:

Այս մասին լրագրողներիի հետ զրույցում հայտնեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, որը ներկա է վարչական շրջանում ապօրինի կառույցներից տարածքը մաքրելու աշխատանքներին:

«Իրենք ժամանակին հանդիպել են Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, նա էլ է նույն բանը պատասխանել, որ սա 60-րդ հոդվածի տակ գտնվող տարածք է ու անհնար է սեփականաշնորհել։ Երևանի քաղաքապետը երկուշաբթի օրը գործակարգավարականի ժամանակ հստակ հայտարարել է, որ պետք է սկսել սահմանազատման աշխատանքները»,- մանրամասնել է նա:

Հարցին, թե ինչ առաջարկ կա ընտանիքների համար, որոնք երեխաների հետ հնարավոր է՝ մնան դրսում, Տիգրան Տեր-Մարգարյանը պատասխանեց․

«Ես իր սեփական տո՞ւնն եմ քանդում, աջակցության հարցը կարող ենք քննարկել, բայց որևէ բան խոստանալ չենք կարող։ Մարդկանց դրսում չենք թողնում, սա զավթած տարածք է։ Այսինքն, եթե վաղը մոստի տակ ապրող երեք հոգի լինեն, այդ մոստը քանդվի, ես պարտավոր եմ այդ մոստի տակ ապրողներին կացարանո՞վ ապահովել։ Այդ մարդիկ փաստացի տուն չունեն, տարիներ ի վեր զավթել են կանաչապատ տարածք, որը համայնքինն է։ Այստեղ կա ընտանիք, որն ունի սեփականության վկայական, այդ մարդուն այսօր ապահովել ենք արդեն բնակարանով»։

Շրջանի ղեկավարը վստահեցրեց, որ այդ տարածքը չի վաճառվելու, տեղում շենքեր չեն լինելու, լինելու է բարեկարգ կանաչապատ տարածք:

Անդրադառնալով նախկին քաղաքապետերի աշխատանքին՝ Տեր-Մարգարյանն ասաց․ «Նախկին քաղաքապետերն արել են բացթողումներ, ինչը հիմա շտկում է Ավինյանը։ Ես որպես վարչական շրջանի ղեկավար ամեն ինչ անելու եմ, որ այս տարածքը վերադարձվի համայքին»։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանն ապօրինի շինության քանդման աշխատանքներ է իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։

Քաղաքապետի հրամանով քանդվելու է Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված 8 բնակելի տուն:

Քաղաքացիները դեմ են արտահայտվում իրականացվող աշխատանքներին և բողոքի ակցիա են նախաձեռնել: Ժամանել են ոստիկանական զորքեր և քաղաքապետարանի աշխատակիցներ:

Ավելի վաղ՝ քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ