Քաղաքապետարանը քանդում է ապօրինի կառույցները․ լարված իրավիճակ Նոր Նորքում

Երևանի քաղաքապետարանն այսօր ապօրինի շինության քանդման աշխատանքներ է իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։

Քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված 8 բնակելի տուն:

Քաղաքացիներն այս պահին դեմ են արտահայտվում իրականացվող աշխատանքներին և բողոքի ակցիա են նախաձեռնել, ժամանել են ոստիկանական զորքեր և քաղաքապետարանի աշխատակիցներ: Քաղաքացիները մասնավորապես նշում են, որ իրենց 2 օր ժամանակ են տվել տարածքն ազատելու համար, ընդ որում, տեղեկացրել են միայն բանավոր՝ ոչ մի գրավոր ծանուցում չի եղել:

Քաղաքապետարանի աշխատակիցները տեղում գտնվող ավագանու ընդդիմադիր անդամներին և քաղաքացիբներին տրամադրեցին համապատասխան որոշումը, որն ընդունվել է այսօր։

Քաղաքացիներից մեկը նշեց , որ 25 տարի այդ տարածքում է բնակվում և անգամ տույժեր ու տուգանքներ է մուծել, բազմիցս դիմել են շինության օրինականացման համար, սակայն ապարդյուն: Նրանցից մի մասը փորձում էր խոչընդոտել քանդման աշխատանքներին, ուստի ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց սկսվեց։

Ավելի վաղ՝ քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ