Տորթը պատրաստել են թմրանյութից, որ փոխանցեն Վանաձորի ՔԿ-ում «Դլո»-ին, սակայն նա մնացել է առանց տորթի

Փետրվարի 23-ին Լոռու մարզում իրականացվել է հատուկ օպերացիա, որը կրել է ««Դլոն» մնաց առանց տորթ» անունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ու ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սովետական բանակի օրվա առթիվ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող «Դլո» մականունով Արթուրին պետք է թմրամիջոց ուղարկվի հրուշակեղենի տեսքով։

Ըստ տեղեկությունների՝ Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշավիր Ա․-ն ձեռք է բերել թմրամիջոց և այն ցանկացել է հրուշակեղենի (տորթ) մեջ քողարկելու միջոցով իրացնել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Տորթը պետք է հանձնվեր «Դլո» մականունով Արթուրին։

Նույն օրը ՀՀ Քր օր․-ի 393 հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Տարոնի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները Լոռու մարզում ձերբակալ և Տարոնի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչներ 38-ամյա Արշավիր Ա․-ին, 24-ամյա Կարեն Մ․-ին, 17-ամյա Արայիկ Մ․-ին, 22-ամյա Հարություն Դ․-ին։

Նույն օրը ՀՀ Քր օր․-ի 46-393 հոդվածի հատկանիշներով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և ոստիկանության Տարոնի բաժին է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Հասմիկ Բ․-ն։

Որոշ ժամանակ անց բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է ստվարաթղթե արկղ, որի մեջ եղել է հրուշակեղեն (տորթ), և նա հայտնել է, որ փետրվարի 23-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից իրեն է զանգահարել այնտեղ իր պատիժը կրող «Դլո» մականվամբ Արթուրը և հայտնել, որ իրեն պետք է փոխանցեն տորթը, որը ինքը պետք է բերի «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որ այն հասնի նրան։

Ոստիկանները պարզել են նաև՝ ում համաձայնությամբ է տորթը պատրաստվել և ով է այն թխել։ Պարզվել է, որ մինչև տորթը պատրաստելը այն թխողին տվել են ապակյա շշով լուծույթ, որի մեջ եղել է թմրանյութ, ու տորթը պատրաստելուց առաջ ապակյա շշի մեջ եղած ողջ լուծույթը լցրել են տորթի մեջ ու այն փոխանցել Արշավիր Ա․-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ