Ավանեսյանն ու Անդրեասյանը ստորագրեցին պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր

Հայաստանի Հանրապետության առողջապահության և ԿԳՄՍ նախարարների համատեղ ստորագրած պաշտոնական հրամանով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր:

Այն գործելու է բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա: Ծրագրի ակադեմիական գործընկերներն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտն ու ԵՊԲՀ-ը, իսկ միջազգային գործընկերը՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Ծրագրի հիմնական կլինիկական գործընկերներն են Արաբկիր բժշկական համալիրը, Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրն ու Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ ծրագիրը նպատակ ունի միավորել երկրում առկա լավագույն ակադեմիական և կլինիկական ռեսուրսները հետբուհական բժշկական կրթության ոլորտում, ինչպես նաև՝ համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ ստանալու նորարարական, ռեզիդենտակենտրոն ծրագիր՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: Այս ծրագիրը ռեզիդենտներին տալու է ընդգրկուն, բազմազան և համապարփակ կրթություն։

«Այս ձեռքբերման հիմքում ընկած է բավական մեծ աշխատանք: Ես շնորհավորում եմ այս կարևոր համագործակցության, նաև՝ գրանցված այն արդյունքի համար, որը հետագայում թե՛ կրթական, թե՛ առողջապահական ոլորտում լուրջ բարեփոխումների հիմք է ծառայելու: Հայաստանի զարգացման և ձեռքբերումների համար չափազանց կարևոր է տարբեր գերատեսչությունների, նախարարությունների ու նաև բուհական համակարգի ակտիվ համագործակցությունը: Ուրախ եմ, որ մենք այսօր արդեն իսկ իրականացնում ենք պիլոտային ծրագիրը, որը մեզ հնարավորություն կտա օգտագործելով և վերցնելով մեր միջազգային գործընկերների շատ կարևոր փորձը՝ ձևավորել այն կառուցակարգերը, որի շրջանակներում հետագայում կվերանայենք և կմեկնարկենք մեր մյուս ծրագրերը»,- ասաց Ավանեսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ անդրադառնալով իրականացվող փոփոխություններին՝ ընդգծեց, որ դրանց անհրաժեշտությունն այս պահին կա թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում:

«Ուրախ եմ, որ միջգերատեսչական համագործակցությունը, որը դեռևս բարելավվելու անհրաժեշտություն ունի, կյանքի կոչվեց: Կարևորում եմ այն փաստը, որ այն իրականցվում է որպես փորձնական ծրագիր, որովհետև սա մի ուղղություն է, որտեղ մենք կարիք ունենք հասկանալու լավագույն ճանապարհները, փորձելու դրանք և այդ փորձի հիման վրա նաև տեսնելու, թե ինչպիսին պետք է լինի համակարգային փոփոխությունը»,- նշեց նախարարը:

Հետբուհական մասնագիտական կրթական ծրագիրը գործում է Առողջապահության նախարարության նպատակային օրդինատուրայի ծրագրի շրջանակներում: Այն մեկնարկել է 2023 թ-ի հոկտեմբերի 9-ին, ունի մրցութային կարգով ընդգրկված 8 սան, ովքեր ընդունվել են Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջոցով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ